Սահյանի մասին ասել են…

Համո Սահյանի ակնառու արժեքներից մեկը պետք է համարել նրա բանաստեղծական բարձր կուլտուրան, բանաստեղծություն կառավարելու նրա վարպետությունը։ Համո Սահյանը գիտի կառուցել սլացիկ ու սահուն տող, կուռ քառյակ, գիտի վարպետորեն հանգավորել և ժամանակին ավարտել բանաստեղծությունը։

Վահագն Դավթյան

Իր ամբողջ գունեղ նկարչականությամբ հանդերձ` Սահյանի պոեզիան բոլորովին էլ նկարչագեղ — գեղազարդային չէ, իր ամբողջ պարզասրտությամբ հանդերձ իմաստուն է, իր ամբողջ պարզությամբ հանդերձ բարդ է, կատարման թեթևությունը չի բացառում նրբությունն աչքիʼ, զգացմունքիʼ, տեխնիկայիʼ։

Ալլա Մարչենկո

Համո Սահյանը Կովկասի ժամանակակից խոշորագույն բանաստեղծներից է։ Գլխավորը նրա մեջ իսկությունն է։

Կայսին Կուլիև

Բանաստեղծություն, նույնիսկ լավ բանաստեղծություն շատերն են գրում, բայց պոեզիա են մտնում քչերը, նրանք, ովքեր գալիս են խորհրդանշանների, պատկերների, բառի, շեշտի իրենց համալիրով, իրենց այբուբենով, և այս քչերից պոեզիայի մեջ մեծ են դառնում և մեծ են կոչվում այն եզակիները, ում համալիրը, ում այբուբենը հնարավոր լրիվությամբ վերծանում է սեփական հոգու, այո, հենց բևեռագիրը։ Այսպիսով`հոգով հարուստ, ներքուստ բանաստեղծ այնքան մարդիկ կան, որոնք այդպես էլ բանաստեղծ չեն դառնում, քանի որ պոեզիան ճամփորդություն է դեպի ինքը, բանաստեղծի ինքնահայտնագործումն է, ինքնահայտնագործմամբ`մի նոր աշխարհի հայտնագործումը։ Սահյանը մեծ բանաստեղծ է։ Սահյանը այսօրից ավելի վաղվա բանաստեղծ է։

Հրանտ Մաթևոսյան


Оставьте комментарий