Կարդում ենք Չարենց Վերլուծություններ

Տաղ Անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Չարենցն այս բանաստեղծությունը վերնագրել է <<Տաղ Անձնական>>, որովհետև գրված է աշուղական տաղի ձևով, որը կոչվում է մուխամազ: Այս ձևը մեկ տարի անց նա պիտի կիրառեր <<Տաղարան>> շարքում:

Տաղի մեջ յուրահատուկ է տների հանգավորումը, առաջին տունը` աաաա, հաջորդ տները` բբբա, գգգա, դդդա: Այսինքն` առաջին տունը նույնահանգ է, հաջորդ տների առաջին երեք տողերն ունեն իրենց ինքնուրուն հանգային հնչեղությունը, իսկ չորրորդ տողերում կրկնվում է առաջին տողերի հանգը:

Տաղը բնորոշել է <<անձնական>>, որովհետև իր մասին է: Կարսն իր հայրենի քաղաքն էր, Կարինե Քոթանճյանն իր սիրած աղջիկն էր, որին ձոնել էր <<Ծիածանը>> ժողովածուն հետևյալ ուղերձով` <<Դու իմ վերջին, իրիկնային, աստղային քույր…>>: Կարինե Քոթանճյանը հետագայում հետաքրքրական հուշեր է գրել: Չարենցի մասին, որոնք դուք ցանկության դեպքում հաճույքով կկարդաք:

Այս տաղի մեջ Չարենցը ներկայացնում է բանաստեղծի իր կերպարը ժամանակի մեջ:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Այս բանաստեղծությունը զետեղված է Չարենցի <<Տեսիլաժամեր>> շարքում: <<Տեսիլաժամեր>>, այսինքն` տեսիլքի ժամեր, տեսիլքներ տեսնելու ժամեր: Ահա երևակայության մեջ նա պատկերացնում է հայրենի երկիրը` ձյունապատ լեռներ, կապույտ լճեր, երկինքներ` նման մանկական անմեղ աչքերի, լճի մեղմ ծփանք, բայց նրա հետ է սիրած աղջկա տեսիլքը:

Տեսիլքն այստեղ սիրած աղջկան է վերաբերում, որն էլ նրա մեջ արթնացնում է սուրբ անուրջի հին, աստղային ու անհուն կարոտը: Ահա նա էլ ձյունոտ լեռներում կանչում է սիրած աղջկան: Բանաստեղծն այստեղ օգտագործում է <<կարոտի իրիկնամուտ>> հրաշալի փոխաբերույթունը` շեշտելով, որ իջնում է գիշերը` խառնելով հոգին աստղային մութի հետ:

Սա շատ խոր բանաստեղծություն է` լեցուն նուրբ ակնարկներով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s