Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։
«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսական կայսրություն, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով։ Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–1918 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։ 1877-1878 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ։ Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը։ Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան մնացել են թուրքական տիրապետության տակ։ 1922–1923 թթ-ի Լոզանի կոնֆերանսում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից։ Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված։
Հայկական հարցն Արևելյան հարցին առնչվում էր Օսմանյան կայսրության հետ Ռուսական կայսրության փոխհարաբերությունների միջոցով։ Արևելյան և Հայկական հարցերը ԺԹ դարի ընթացքում և Ի դարի առաջին տասնամյակներին գտնվում էին միջազգային քաղաքականության կիզակետում։ 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին, որը մեծ հույսեր էր կապում ռուսական զենքի հաղթանակի հետ, և ինչը օբյեկտիվորեն համընկնում էր թուրքական լծից հայ ժողովրդի ազատագրության կենսական շահերին։ Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1878 թ.-ի փետրվարի 19-ին Սան–Ստեֆանո բնակավայրում կնքվեց հաշտության նախնական պայմանագիր, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ վայրերում։ 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր, իսկ Արևմտյան Հայաստանի զգալի մասի միացումը Ռուսաստանին հայերին ազգային համախմբության, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություն էր տալիս։ Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված պայմաններում, Ռուսաստանին հակադրվեց անգլո-ավստրիական ուժեղ դաշինքը։ Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան նախաձեռնեցին հրավիրել միջազգային նոր համաժողով, որի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի պտուղներից։ Բեռլինի կոնգրեսի (1878 թ.) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա ուղարկվեց հայ ազգային պատվիրակությունը՝ եվրոպական պետությունների կառավարությունների աջակցությունը հայցելու կոնգրեսում հօգուտ հայերի որոշումներ ընդունելիս։
Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։ Բեռլինի կոնգրեսում, Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հետևանքով, արևմտա-եվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել հայկական գործերը տնօրինելու մենաշնորհից։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի համապատասխանաբար 16-րդ և 61-րդ հոդվածներով սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը, ինչպես նաև հասարա-քաղաքական կյանքում եվրոպական դիվանագիտության օգնությամբ թուրքական լուծը թոթափելու, հայերի անկախությունն ու ինքնավարությունը ձեռք բերելու մտայնությունն ու գործելակերպը, որը շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու նրանից հետո։
Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:
Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 1877 թվականի վերջին Կ. Պոլսի հայոց ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթան, իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ։
1878 թվականի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը ազգային ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը)։ Ծրագիրը, որ ամենայն հավանականությամբ թելադրված էր թուրքական կառավարության և Անգլիայի կողմից, մերժվեց։ Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուսական հրամանատարության (Մեծ իշխան Նիկոլայ. Նիկոլաևիչ) և դիվանագիտական ներկայացուցիչների (Իգնատև, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին։ Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խընդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային։ Ռուսական կառավարությունը համաձայնեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում։ Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին։ Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին։
Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում։ Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։Հիմնական հոդված՝ Բեռլինի կոնգրես (1878)։
Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝
- Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.
Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա)։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։ Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։