Պետության տնտեսական դերակատարությունը

Շուկայական տնտեսությունում պետության դերի մասին թեման շարունակում է մնալ տնտեսագետների և քաղաքական գործիչների կողմից ուսումնասիրվող կարևոր թեմաներից մեկը։ Ոմանք պետական միջամտությունը համարում են չարիք տնտեսության համար, իսկ մյուսները, ընդհակառակը, այն համարում են տնտեսության զարգացման նախապայման։

Ըստ Ա․ Սմիթի շուկայական տնտեսությունը կարգավորվում է «անտեսանելի ձեռքի» օգնությամբ, որի հիմքում ընկած է մրցակցությունը և սեփական շահի գիտակցումը։ Օրինակ՝ մենք ամեն օր գնում ենք աշխատանքի, որպեսզի վարձատրվենք և ձեռք բերենք այն ամենն ինչ ցանկանում ենք։ Ամենահետաքրքիրն այն է, որ պետությունն այս գործընթացում շատ քիչ դերակատարում ունի։ Հացը, որը մենք գնում ենք խանութից, հազարավոր սեփական շահը հետապնդող մարդկանց գործունեության և համագործակցության արդյունք է՝ առանց պետական որևէ գործակալության միջամտության։

Մ․ Ֆրիդմանն իր «Ընտրելու ազատություն» գրքում նշում է, որ պետության սահմանափակ դերի մասին պատկերացում կազմելու ամենալավ օրինակը Հոնկոնգն է, որտեղ բնակչության կենսամակարդակն ամենաբարձրն է ամբողջ Ասիայում՝ Ճապոնիայից և Սինգապուրից հետո։ Հոնկոնգում միջազգային առևտրի վրա չկան սակագներ կամ այլ սահմանափակումներ (բացառությամբ մի քանի երկրների կողմից պարտադրված սահմանափակումների)։ Պետությունը ոչ մի կերպ չի միջամտում տնտեսական որոշումների կայացման գործընթացին․ չկան նվազագույն աշխատավարձի մասին օրենքներ, հաստատուն գներ և այլն։ Քաղաքացիներն ազատ են գնելու, վաճառելու, ներդրումներ կատարելու, աշխատող վարձելու, աշխատանքի անցնելու և այլ հարցերում որոշումներ կայացնելիս։ Հոնկոնգը պետական ծախսեր և ՀՆԱ հարաբերակցության ամենացածր ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է, իսկ պետական ծախսերն ավելանում են միայն այն դեպքում, երբ տնտեսությունը զարգանում է։ Հարկային դրույքաչափերը բավականին ցածր են, ինչն էլ խթանում է ձեռնարկատիրական գործունեությունը։ Պետության դերակատարումը սահմանափակվում է օրենքի գերակայությունն ապահովելով, ընդհանուր վարքագծային կանոններ սահմանելով, տրանսպորտի և կապի գործունեությունը կարգավորելով և արժույթի թողարկման ծավալները վերահսկելով։

Ըստ Հ․ Հազլիտի պետության ամենակարևոր պարտականությունն օրենքների ստեղծումը  և պահպանումն է, որոնք երկրում կարգելեն բռնությունն ու խարդախությունը։ Պետությունը պետք է խուսափի տնտեսական որոշումներ կայացնելու գործընթացներին միջամտելուց։ Նրա առաջնային խնդիրն ազատ շուկայական տնտեսական հարաբերությունների ձևավորումը և պահպանումն է։

Այսպիսով՝ հասարակական արտադրության առավելագույն արդյունավետության կարելի է հասնել՝ յուրաքանչյուր անհատի անսահմանափակ տնտեսական ազատություն տալով։ Պետությունը միայն պետք է ընդունի օրենքներ և վերահսկի դրանց կատարումը, իսկ շուկայական ուժերը կարող են արդյունավետ աշխատեցնել տնտեսությունը՝ դուրս բերելով այն ցանկացած ճգնաժամից։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s