Հայաստանում առևտրի և ծառայությունների ոլորտի պետական կանոնակարգումը նպատակաուղղված է իրավապայմանագրային դաշտի կանոնակարգման ոլորտում առաջացած խնդիրների վերհանման, դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը, գործարարների համար հավասար մրցակցային դաշտի ապահովմանը, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարող սուբյեկտների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ապահովմանը։ Առևտրի և բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտը հանդիսանում է առավել զարգացող ճյուղերից մեկը։ Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների ընդհանուր քանակի 29% բաժին է ընկնում առևտրի և ծառայությունների ոլորտին։ Մանրածախ առևտրի բաժնեմասը ՀՆԱ-ում 2005 թվականին կազմել է 9,4 %։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է մանրածախ առևտրի շրջանառության ծավալի աճ, միջինը՝ 12,3%, այդ թվում 2006 թվականի առևտրի շրջանառության ծավալները աճել են 13,6% /զարգացած երկրները միջին թվով տարեկան ապահովում են առևտրի և ծառայությունների 14% աճ։
Ապրանքների և ծառայությունների բարձրարդյունավետ արտադրությունում մասնագիտացած երկրների արտադրանքը տարածվում է ողջ աշխարհում։ Եվ որքան մեծ է ապրանքների ու ծառայությունների տեսականին, այնքան մեծ է դրանցից օգտվողների՝ սպառողների քանակը և բարձր՝ կենսամակարդակը։ Այդ է պատճառը, որ ոչ մի երկիր չի խոչընդոտում մյուս երկրներից ազատ առևտրի միջոցով ապրանքների ներմուծումը։ Սակայն քանի որ էժան ապրանքների ներմուծումը կարող է երկրի ներսում ճնշել նույնատիպ ապրանքի արտադրությունն ու այնտեղ զբաղված բանվորներին զրկել աշխատանքից, ձեռնարկվում են նաև դրանք կանխող հակաքայլեր։