ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերի, նրանց և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գրանցման, լիցենզավորման, գործունեության կարգավորման և դադարման, ինչպես նաև բանկային գործունեության վերահսկողության կարգը և պայմանները:
(1-ին հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 2. | Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը և բանկերի գործունեության իրավական կարգավորումը |
1. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (այդ թվում` դուստր բանկերը), նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), ինչպես նաև օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին», «Բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում և սահմաններում` Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով:
3. Համահայկական բանկի առանձնահատկությունները սահմանվում են «Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(2-րդ կետը փոփ. 06.11.01 ՀՕ-254, 15.11.05 ՀՕ-227-Ն, 09.04.07 ՀՕ-184-Ն, 11.10.07 ՀՕ-199-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-34-Ն, 22.12.10 ՀՕ-255-Ն)
Հոդված 3. | Օրենքի հիմնական խնդիրը |
Սույն օրենքի հիմնական խնդիրը բանկային համակարգի զարգացումը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելն է:
Հոդված 4. | Բանկ և բանկային գործունեություն |
1. Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիաների հիման վրա իրականացնել բանկային գործունեություն:
2. Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը` վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու և (կամ) ներդրումներ կատարելու միջոցով:
Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա) Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է:
Հոդված 5. | Բանկային ավանդ |
Բանկային ավանդ է համարվում անձին տրամադրված այն դրամական գումարը, որի տրամադրման պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված բանկային ավանդի պայմանագրի համար սահմանված պահանջներին, և որը չի տրամադրվել այն օգտագործելու ռիսկն ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ կամ որպես գույք, գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու, աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում կամ որպես պարտավորության ապահովման միջոց:
(5-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 6. | «Բանկ» բառի օգտագործումը |
1. «Բանկ» բառը կամ դրա ածանցյալներն իրենց անվանման մեջ կարող են օգտագործել միայն լիցենզիա ունեցող անձինք, դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ բառի օգտագործման իրավունքը վերապահվել է օրենքով կամ միջազգային պայմանագրով, կամ եթե «բանկ» բառի օգտագործման իմաստից բխում է, որ խոսքը բանկային գործունեությանը չի վերաբերում:
2. Բանկերն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշվող այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ բանկի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:
3. Արգելվում է նաև բանկային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «բանկ» բառի կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «բանկ» բառի կամ դրա ածանցյալների օգտագործումից ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է բանկային գործունեությանը:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 7. | Բանկային միություններ և ասոցիացիաներ |
Բանկերն իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և բանկերի այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բանկային միություններ և ասոցիացիաներ և անդամակցել դրանց: Բանկային միություններն ու ասոցիացիաները չեն կարող բանկային գործունեություն իրականացնել: Բանկային միությունները և ասոցիացիաները պետական իրավասու մարմնի կողմից գրանցման պահից տասնօրյա ժամկետում այդ մասին ծանուցում են Կենտրոնական բանկին:
Հոդված 8. | Փոխկապակցված անձինք |
1. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
ա) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) 20 և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները.
բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.
գ) նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.
դ) նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով:
2. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով, կամ եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
3. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝
ա) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից.
բ) օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
գ) տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ.
դ) իրավաբանական անձի կամ նրա տարածքային ստորաբաժանման այնպիսի աշխատակից կամ այն կառուցվածքային ստորաբաժանման (այդ թվում՝ դեպարտամենտի, վարչության, բաժնի) աշխատակից, որը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ իրավաբանական անձի կանոնադրության կամ ներքին իրավական այլ ակտերի համաձայն կամ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որևէ կերպ կապված է իրավաբանական անձի հիմնական գործունեության հետ կամ աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ էական ազդեցություն ունի:
4. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները:
(8-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց., խմբ. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 9. | Նշանակալից մասնակցությունը |
1. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցությունը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի:
2. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսը:
3. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով անուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում՝
ա) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված այդ մասնակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները.
բ) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները` տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով.
գ) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոս և ավելի մասնակցություն.
դ) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում ունի կամ չունի մասնակցություն և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները:
(9-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 10. | Դուստր բանկ |
(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-253)
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
30 հունիսի 1996 թ.