Ի՞նչ էր Նէպը, ո՞րն էր դրա իրականացման նպատակը։ ՀՍԽՀ-ում երբվանի՞ց է այն իրագործվել։
Քաղաքացիական կռիվների ավարտից հետո Խորհրդային Հայաստանը ձեռնամուխ եղավ քայքայված տնտեսության վերականգնման գործին։ Դրան ծառայելու եկավ Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)։ Այն իրականացվել էր Ռուսաստանում 1921 թ., այն բանից հետո, երբ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը ճգնաժամային իրադրություն էր ստեղծել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնագավառներում։
Նէպը տնտեսական միջոցառումների համակարգ էր, որտեղ կենտրոնականը պարենային հարկն էր։ Նէպով հնարավորություն, նյութական խթաններ էին ստեղծվում շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար։ Շուկայի միջոցով աշխուժանալու էին ապրանքադրամական հարաբերությունները արդյունաբերության ու գյուղատնտեսության՝ քաղաքի ու գյուղի միջև։ Նէպի վերջնական նպատակն էր, ըստ Վ. Լենինի, հասնել սոցիալիզմի կառուցմանը։
Նէպով նախատեսված տնտեսական բարեփոխումների առանցքն էր պարենմասնատրման վերացումը և դրա փոխարեն պարենային հարկի կիրառումը։ Վերջինս գանձվում էր բոլոր տեսակի գյուղմթերքներով և մի քանի անգամ պակաս էր պարենամասնատրումից։ Վերականգնվեց ազատ առևտուրը։ Գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ստացան պետությանը հարկ վճարելուց հետո բերքի ավելցուկը տնօրինելու սեփական հայեցողությամբ՝ վաճառելու, փոխանակելու արդյունաբերական ապրանքների հետ և այլն։ Այսպիսով՝ նէպի նպատակն էր ազատ շուկայական հարաբերությունների հիման վրա զարգացնել երկրի տնտեսությունը, առաջին հերթին՝ գյուղատնտեսությունը։ 1921 թ․ գարնանն ընդունված որոշումներով արգելվեցին բոլոր տեսակի բռնագրավումները, հունիսին ընդունվեց պարենհարկի մասին օրենքը։
1923 թ․ ընդունված հողային օրենսգրքով պետականացվեցին բոլոր հողերը և բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև։ Դրանց թիվը հանրապետությունում 1920-ական թթ․ վերջին հասնում էր 180 հազարի։ Այդուհանդերձ, հողային նոր քաղաքականությունը շոշափելի արդյունք չապահովեց․ շուրջ 40 հազար գյուղացիներ հողազուրկ էին։
Ի՞նչ է կոլեկտիվացումը, ե՞րբ որոշվեց իրագործել այն։ Ի՞նչ հետևանքներ այն ունեցավ։
Երկրի արդյունաբերացմանը զուգահեռ խորհրդային ղեկավարությունը որդեգրեց գյուղատնտեսության կոլեկտիվացման քաղաքականություն։ Այն նախապատրաստելու մասին որոշումն ընդունվեց 1927 թվականին։ Նախատեսվում էր մինչև առաջին հնգամյակի ավարտը կոլեկտիվ տնտեսություններում ընդգրկել գյուղացիական անհատական տնտեսությունների փոքր հատվածը։ Սակայն հացամթերումների բնագավառում 1927-1928 թթ․ առաջացած դժվարությունները, երկրում հացի պաշարների նվազումը ստիպեցին իշխանություններին արագացնել գործընթացը։ 1929 թ․ վերջին հայտարարվեց համատարած կոլեկտիվացման մասին։ Հրաժարվելով կոլեկտիվացման կամավորության սկզբունքից՝ իշխանություններն անհնազանդ գյուղացիների նկատմամբ դիմեցին բռնության և հարկադրանքի միջոցների։ Այսպիսով՝ պետությունը որդեգրեց գյուղատնտեսության զարգացումը կոլեկտիվ տնտեսությունների (կոլխոզներ, սովխոզներ) միջոցով կազմակերպելու քաղաքականությունը։
Ծանր էր հատկապես գյուղացիության ունևոր հատվածի՝ կուլակության դրությունը։ Բռնագրավեցին նրանց հացի պաշարները, նէպի տարիներին կուտակված ունեցվածքը, կուլակների ընտանիքներին արտաքսեցին անապահով հեռավոր գյուղեր։ Կուլակաթափության գործընթացը ԽՍՀՄ-ում եզրափակվելու էր կուլակության՝ որպես դասակարգի վերացումով։
1930 թ․ գարնան դրությամբ Հայաստանում «համատարած կոլեկտիվացում» անցկացվեց Երևանի ամբողջ գավառում, Լենինականի և Լոռու գավառների մեծ մասում և այլ շրջաններում, ունեզրկվեց շուրջ 1100 կուլակային տնտեսություն։
Հակադիր կոլեկտիվացման քաղաքականությունը չբարելավեց գյուղատնտեսության վիճակը, հակառակը՝ սրեց իրադրությունը գյուղում։ Գյուղացիների դժգոհության արտահայտման խաղաղ ձևերից էր անասունների համատարած մորթը՝ կոլտնտեսությանը չհանձնելու համար։ Հայաստանի առանձին շրջաններում դժգոհությունները վերաճեցին իշխանությունների դեմ ապստամբական զինված ելույթների (Դարալագյազ, Վեդի, Իջևան-Շամշադին, Թալին և այլն)։ Դրանք իշխանությունների կողմից որակվեցին որպես «բանդիտական շարժում» և շուտով ճնշվեցին։ Համատարած դժգոհությունների ծավալումը ստիպեց իշխանություններին նահանջել համատարած կոլեկտիվացման քաղաքականությունից։ Պետությունը, սակայն, շուտով գործադրեց գյուղացիության հակադիր կոլեկտիվացման նոր մեթոդներ, սկսեց կիրառել հարկերի ավելացման քաղաքականությունը և այլն։ Արդյունքում 1935-1937 թթ․ Հայաստանի գյուղացիության ճնշող մեծամասնությունը համալրեց կոլտնտեսականների շարքերը։
1940 թ․ դրությամբ հանրապետությունում 180 հազար անհատական տնտեսությունների փոխարեն կար մոտավորապես 1000 կոլտնտեսություն։ Գյուղատնտեսության հակադիր կոլեկտիվացման արդյունքները գոհացուցիչ չէին․ գյուղի և գյուղացիների սոցիալ-տնտեսական դրությունը ոչ միայն չբարելավվեց, այլև անկում ապրեց։