Հայկական թագավորություններ

Վանի Թագավորություն

Վանի թագավորությունը պետություն էր Հայկական լեռնաշխարհում, մ. թ. ա. IX–VII դարերում. ասորեստանյան աղբյուրներում անվանվել է «Ուրարտու», տեղական սեպագիր արձանագրություններում`  «Բիայնիլի» և «Նաիրի», իսկ Աստվածաշնչում` «Արարատ»: 

Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի, ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի  հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։

Այդ քաղաքականությունը շարունակել են Արամեի անմիջական հաջորդները. ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ.թ.ա 832/մ.թ.ա 831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Վանի թագավորության Սարդուրի Ա արքայի  հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավարևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա 9-րդ դարի  վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։

Վանի թագավորությունը տեղակայված է եղել Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում՝ ընդգրկելով Վանա, Սևանա և Ուրմիա լճի ավազանները, դրանց հարակից ընդարձակ տարածքները հյուսիսում մինչև Սև ծով, արևելքում մինչև Կուր  գետի ավազան, արևմուտքում մինչև Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական շրջաններ, հարավ-արևմուտքում մինչև Միջերկրական ծով՝ մեծ մասամբ ծովի մակերևույթից 1500-1800 մետր բարձրության վրա։ Հայկական լեռնաշխարհում համադրվում են բարձրագագաթ լեռնաշղթաներ, որոնցից մեկը հանդիսանում է Հարավարևմտյան Ասիայի ամենաբարձր գագաթը՝ Արարատը, և գոգավորություններ առավել մեղմ կլիմայով ու բերրի բնահողով։ Նախկին Վանի թագավորության տարածքի բնատեսարանները միմյանցից տարբերվում են իրենց բազմազանությամբ՝ ալպյան բարձրալեռնային գոտիներ (2700-2950 մ բարձր ծովի մակերևույթից), անապատներ, անտառածածկ գոտիներ, բերրի հարթավայրեր և այլն։ Այստեղից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի 4 խոշոր գետերը՝ Տիգրիսը, Եփրատը , Արածանին և Արաքսը։ Հայկական լեռնաշխարհում տեղակայված են նաև երեք լճեր, որոնք իրենց բաղադրությամբ և հիդրոլոգիայով միմյանցից տարբերվում են։

Վանի Թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասնում Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ։ Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից  մինչև Խորին Ասորիք  և Բաբելոնից  ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի  խորքերը։ Այն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։

Վանի թագավորության պետական կրոնը հիմնված է եղել երկրի բնակչության ու տարբեր ցեղերի կրոնական պատկերացումների վրա, որոնք ի մի են բերվել ու կանոնավորվել են պետության կողմից՝ արձանագրվելով <<Մհերի դռան>> վրա։ Սակայն Վանի թագավորության կրոնի այդ ժայռափոր խմբագրությունը վերջնական չի կարող համարվել, քանզի երիտասարդ պետության քաղաքական ու մշակութային առաջընթացին զուգահեռ զարգացում էր ապրում նաև կրոնը․ նոր աստվածություններ էին անցնում դիցարան՝ իրենց հետ բերելով նոր կրոնական պատկերացումներ։ Հատկանշական է, որ թագավորության դիցարանում առկա բազմաթիվ աստվածությունների ու «սրբությունների» առկայության պայմաններում ամենա պաշտելի աստվածը Խալդին էր, որը հաճախ դիցարանին հաղորդում էր միաստվածության հատկանիշներ։

Վանի թագավորության հողային տարածքները մ․թ․ա․ 590 թվականից սկսած աստիճանաբար սկսեցին անցնել Երվանդունիների թագավորությանը, որը իր թագավորության իշխանության ներքո սկսեց միավորել համահայկկական բոլոր տարածքները։

Վանի թագավորության արքաները ու գահակալման ժամանակաշրջանները`

Արամե — 859 — 843թթ.
Սարդուրի Առաջին — 835 — 825թթ.
Իշպուինի — 825 — 815թթ.
Մենուա — 810 — 786թթ.
Արգիշտի Առաջին — 786 — 764թթ.
Սարդուրի Երկրորդ — 764 — 735թթ.
Ռուսսա Առաջին — 735 — 710թթ.
Արգիշտի Երկրորդ — 710 — 685թթ.
Ռուսսա Երկրորդ — 685 — 645թթ.
Սարդուրի Երրորդ — 643 -…թթ
Սարդուրի Չորրորդ — 625 — 620թթ.
Էրիմենա — 620 — 605թթ.
Ռուսսա Երրորդ — 605 — 595թթ.
Ռուսսա Չորրորդ — 595 — 585թթ.

Երվանդունիների Թագավորություն

Երվանդունիները հայկական թագավորական և սատրապական տոհմ են. թագավորել են մ. թ. ա. VI–II դարերում: Ստեղծել են առաջին համահայկական պետությունը: Տոհմը կոչվում է հիմնադիր արքա Երվանդ Սակավակյացի անունով:

Մ.թ.ա. 7-րդ դարի վերջերին խիստ թուլացել էին Առաջավոր Ասիայի նախկին հզոր տերությունները՝ Ասորեստանը և Վանի թագավորությունը։ Պատճառը Հյուսիսային Կովկասից ներխուժած կիմմերների և սկյութական ցեղերի ավերիչ ասպատակություններն էին։ Վանի թագավորության փլատակների վրա ստեղծվեցին մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույր Սկայորդի թագավորությունը։ Նրա թագավորությունը միավորում էր պատմական Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջանները։ Պարույրն ակտիվորեն ներքաշվում է Առաջավոր Ասիայի երկու հզոր պետությունների՝ Մեդիայի  (Մարաստան) և Բաբելոնիայի ՝ Ասորեստանի դեմ մղած պայքարին։ Նրանք Պարույրին թագ են խոստանում։ Պարույրը մարական թագավոր Կիաքսարից թագ ստացավ Նինվեի վրա մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին և Ասորեստանի կորղանմանը մասնակցելու համար։

Պարույր նահապետի թագավորությունը երկար չտևեց։ Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործն իրականացրեց նրա ազգականներից Երվանդ Ա Սակավակյացը։ Վերջինիս իշխանության կենտրոնը սկզբում Այրարատն էր։

Համահայկական թագավորության ստեղծմանը նպաստում էր մի կարևոր դարակազմիկ իրադարձություն. Հայակական լեռնաշխարհի  հայալեզու ցեղերն ու ցեղային միությունները սկսել էին միավորվել, ավարտին էր մոտենում հայ ժողովրդի կազմավորումը։ Այն ակտիվացել էր մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերին, բուռն ընթացել Վանի թագավորության  շրջանում, իսկ Երվանդականների թագավորության օրոք թևակոխեց իր ավարտական փուլը։ Արամանի թագավորի կողմից արևմուտքում գրավված երկրների բնակչությունը, որ հնդեվրոպական էր և շատ մոտ հայերին, աստիճանաբար ներառվեց հայ ժողովրդի կազմավորման գործընթացների մեջ։

Երվանդ Առաջինի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Վերջինս նշում է, որ հայոց արքան ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3 000 արծաթ տաղանդ (75 տոննա արծաթ) հարստություն, 40 000 հետևակային և 8 000 հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը։ Մ.թ.ա. 585 թվականին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։

Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է հայոց թագավորություն, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության՝ Երվանդի որդիներն էին Տիգրանը և Շավարշը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության է տվել Աժդահակին։ Հետագայում հայկական ուժերը մեծապես օժանդակում են Կյուրոս Մեծին գրավել Մարաստանը։ «Կյուրոպեդիա» աշխատությունում նշված է, որ հայոց թագավորը մարերի դեմ կռվին տրամադրել է 20 000 հեծելազոր և 4 000 հետևակ։ Նույն աշխատություններից տեղեկություններ են պահպանվել նաև հայերի և նրանց հարևան խալդայների փոխհարաբերությունների մասին։ Խալդայները Փոքր Հայքի և Պոնտոսի միջև գտնվող Խաղտիք (Խալդիկա) կոչվող լեռնային երկրում բնակվող, մշակելի հողերից զուրկ, աղքատ, ծառերի ճյուղերից հյուսված կավեպատ վահաններով ու նիզակներով զինված, խաշնարած ցեղեր էին, ովքեր կողոպուտի նպատակով մշտապես հարձակվում էին հարթավայրերի երկրագործ հայերի վրա։ Խալդայների ու հայերի միջև մղվող մշտական կռիվների պատճառով Հայոց երկրի մի մասը մնացել էր անմշակ ու անմարդաբնակ։ Որոշ ժամանակ անց կնքվել է հաշտություն, որով, մի կողմից, խալդայները, հայոց թագավորին սահմանված հողային հարկը վճարելու պայմանով, իրավունք են ստանում տիրել ու մշակել հարթավայրի հողերը, իսկ մյուս կողմից՝ հայերը, խալդայներին որոշ տուրք վճարելու պայմանով, իրավունք են ստանում օգտվել արոտավայրերից։

Դեռ մ.թ.ա. 612  թվականին մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի  մայրաքաղաք Նինվեն և կործանեցին այն։ Մարական զորքերը մ.թ.ա. 585  թվականի մայիսի 28-ին ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության  բանակներին Հալիս գետի մոտ։ Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան։ Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը։

Տիգրան Երվանդյանը  պարսից զորավար Կյուրոսի հետ մ.թ.ա. 550  թվականին մասնակցել է Մարաստանի , իսկ մ.թ.ա. 538  կամ 537  թվականին Բաբելոնի  թագավորությունների կործանմանը։ Զորավարը հիմնադրում է նախադեպը չունեցող աշխարհակալ մի կայսրություն, որն իր սերունդների՝ Աքեմենյանների  անունով կոչվում է Աքեմենյան Իրան ՝ արիացիների պետություն։ Կյուրոս Մեծը՝ Երվանդ թագավորին ու իր ընտանիքին գերած մարական զորավար Կյուրոսի թոռը, Աքեմենյան պետության սահմաններն արևմուտքում հասցնում է մինչև Եգեյան և Միջերկրական ծովեր , արևմուտքում՝ Ինդոսի հովիտ (արևմտյան Հնդկաստան)։ Եգիպտոսը նվաճվում է մ.թ.ա. 525 թվականին։

Հայկազյան Երվանդունիները Հայկական լեռնաշխարհում շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա 3-րդ դարի վերջը։

Երվանդունիների թագավորության արքաները ու գահակալման ժամանակաշրջանները`

Պարույր Սկայորդի — 600 — 570թթ.
Երվանդ Առաջին Սակավակյաց — 570 — 560թթ.
Տիգրան Երվանդյան — 560 — 525թթ.
Վահագն Երվանդյան — 530 — 515թթ.
Հիդարնես Ա — 6 դար
Հիդարնես Բ — 5 դարի կես
Հիդարնես Գ — 5 դարի 2րդ կես
Արտաշիր Երվանդունի — 5 դարի 2րդ կես
Երվանդ Բ — 404 — 360թթ.
Երվանդ Գ — 330 — 300թթ.
Արտավազդ — 300 — 280թթ.
Շամ — 260 — 240թթ.
Արշամ —240 — 210թթ.
Երվանդ Դ — 3րդ դարի վերջին քառորդ

Արտաշեսյանների թագավորություն

Արտաշիսյան արքայատոհմը գահակալել է մ. թ. ա. 189 – մ. թ. 1 թթ-ին: Նրանց օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին: Արքայատոհմը կոչվել է հարստության հիմնադիր արքա Արտաշես Ա-ի (մ. թ. ա. 189 թ. – մոտ160 թ.) անունով:

Արտաշեսյանների թագավորությունը ընդգրկում է հիմնականում Հայկական լեռնաշխարհը, որը գտնվում է Փոքր Ասիա թերակղզու արևելքում։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է, կան 4000-5000 մետր բարձրության հասնող լեռներ։ Թագավորության ամենաբարձր կետը Արարատ լեռն էր, որի բարձրությունը կազմում է 5165 մ։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնով է ձգվում Պար լեռնաշղթան, որը սկիզբ էր առնում Արարատ լեռից։ Հայկական լեռնաշխարհը սահմանազատող լեռնաշղթաներից են Արևելապոնտական (հյուսիս-արևմուտքից), Հայկական Տավրոս (արևմուտքից), Կորդվաց (հարավից) լեռնաշղթաները։

Լեռնաշխարհը ուներ 3 մեծ լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։

Հռոմեական հանրապետությունը վարում էր ծավալապաշտական քաղաքականություն և ցանկանում էր ծավալվել դեպի արևելք, սակայն դրան խանգարում էր Սելևկյան տերության գոյությունը։ Մ․թ․ա․ 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ Հռոմի  և Սելևկյան տերության միջև տեղի է ունենում վճռական ճակատամարտով, որտեղ Հռոմը ջախջախիչ հաղթանակ է տոնում և թուլացնում Սելևկյան տերությանը։ Օգտվելով հարմար առիթից՝ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում վերականգնում են հայոց պետականությունը, իսկ Հռոմը անմիջապես ճանաչում է այն, քանի որ իր շահերից էր բխում Սելևկյան տերության թուլացումը և մասնատումը։

Դառնալով հայոց թագավոր՝ Արտաշեսն անմիջապես սկսում է բարեփոխումներ իրականացնել։ Ըստ Ստրաբոնի` Արտաշեսը փորձել է իր իշխանության տակ ներառել բոլոր հայախոս երկրամասերը։ Այդ ժամանակ գոյություն ունեին չորս հայկական պետություններ՝ Արտաշեսյանների, Ծոփքի, Կոմմագենեի և Փոքր Հայքի թագավորությունները։ Մ.թ.ա.112 թվականին Փոքր Հայքի արքա Անտիպատրոս Երվանդունին, որը Փոքր Հայքի կառավարիչն էր, չունենալով ժառանգ, իր հողերը կտակում է Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորին, որից հետո անհնար է դառնում Փոքր Հայքի միացումը Հայաստանին, Իսկ Ծոփքի արքա Զարեհի մահից հետո՝ 163 թվականին Արտաշես Ա-ն փորձում է իր թագավորությանը միացնել Ծոփքը, սակայն անհաջողության է մատնվում։ Արտաշեսը իր թագավորությանն է միացնում Վասպուրականը և Կասպիական ծովեզրը, որոնք խլվում են Ատրպատականի թագավորությունից։ Վիրքից գրավվում է Տայք, Կղարջք, Գուգարք, խալիբներից և մոսխերից՝ Կարինը, Դերջանը, Եկեղյաց գավառը, իսկ Սիրիայից՝ Տմորիքը։  Պոլիբիոսը Արտաշեսին անվանել է «Հայաստանի մեծագույն մասի տիրակալ»։ Մ․թ․ա․ 185 թվականին Արարատյան դաշտում ՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում, կառուցվում է Արտաշատ մայրաքաղաքը , որի տեղը ընտրել է կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալը։

Արտաշեսը Արտաշատում կառուցում է նաև հայոց երկրի հովանավոր աստվածուհու Անահիտի  տաճարը։

Արտաշեսը ձեռնարկում է մի շարք բարեփոխումներ, որոնք աշխուժացնում են պետության ներքին կյանքը։ Նա հայկական գետերի վրա հաստատում է նավարկելիություն, կազմում է ազգային տոների օրացույց, կարգավորում է ազգային տոմարը։ Կարևոր էին նաև Արտաշեսի կատարած վարչական բարեփոխումները. նա ամբողջ Մեծ Հայքը  բաժանում է 120 գավառների, ապա ստեղծում 4 զորավարություններ, որոնց նախարարները ունեին ավելի ազդեցիկ դիրք համեմատած մյուսների։ Արտաշեսը 3 զորավարության ղեկավարներ է նշանակում իր որդիներին։ Արևելյան զորավարությունը ստանձնում է Արտավազդը, արևմտյանը՝ Տիրանը, հյուսիսայինը՝ Զարեհը։ Հարավային զորավարությունը, որը ամենակարևորն էր իր վտանգավորության աստիճանով՝ ղեկավարում էր զորավար Սմբատը։

Արտաշես Բարեպաշտը մահացել է մ․թ․ա․ 160 թվականին՝ 70 տարեկան հասակում։

Արտաշեսից հետո՝ շուրջ 65 տարի պատմիչները մեզ փոխանցում են շատ կցկտուր տեղեկություններ, որոնք միայն մակերեսորեն են անդրադառնում Արտավազդ Ա-ի և Տիգրան Ա-ի կառավարման շրջանին։

Պատմիչները ենթադրում են, որ Արտավազդը և Տիգրանը եղբայրներ էին։ Մ․թ․ա․ 120-115 թվականներին պատերազմ է տեղի ունենում հայերի և պարթևների միջև, որը ավարտվում է հայկական կողմի պարտությամբ։ Պարթևները պատանդ են պահանջում, և քանի որ Արտավազդը ժառանգ չուներ նա պատանդ է հանձնում իր եղբոր՝ Տիգրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին։ Տիգրանը  հմուտ ռազմիկ էր, իսկ պարթևները Տիգրանին պատանդ վերցնելով ցանկանում էին նրան դարձնել պարթևամետ գործիչ, որը հետագայում պարթևներին կօգներ Հռոմեական կայսրության դեմ մղվող պայքարի ժամանակ։ Պահպանվել են տեղեկություններ նաև, որ երկու եղբայրները՝ Արտավազդ Ա-ն և Տիգրան Ա-ն են կազմակերպել իրենց կրտսեր եղբոր՝ Մաժանի սպանությունը, քանի որ նա դավաճանել էր իր եղբայրներին։ Արտավազդ Ա-ն արքունիքից հեռացրել է իր բոլոր եղբայրներին՝ բացառությամբ Տիգրան Ա-ի, որը իր ժառանգն էր լինելու։ Արտավազդ Ա-ի մահից հետո արքա է դառնում Տիգրան Ա-ն, որի ժամանակ զարգանում է տնտեսությունը և շինարարությունը։ Նա մահանում է մ․թ․ա․ 95 թվականին, և նույն թվականին էլ Տիգրան Բ Մեծը  վերադառնում է Արտաշեսյանների թագավորություն և բազմում հայոց գահին։

Տիգրան Մեծը  իր գահակալությունը սկսեց 45 տարեկան հասակում, ինչից կարելի է ենթադրել, որ նա ծնվել է մ․թ․ա․ 140 թվականին հայոց մայրաքաղաք Արտաշատում, իսկ պատանդության է տարվել 20-25 տարեկան հասակում։ Նա եղել է Արտաշես Ա-ի թոռը՝ Տիգրան Ա-ի որդին։

Մ․թ․ա․ 94 թվականին Տիգրան Մեծը ներխուժում է Ծոփք, առանց դժվարության շարժվում առաջ և պաշարում Ծոփքի մայրաքաղաք Արկաթիակերտ (Կարկաթիակերտ) քաղաքը, որի պաշարման ընթացքում փոքր-ինչ դժվարություններ են առաջանում։ Ի վերջո՝ Տիգրան Մեծը տապալում է այնտեղ իշխող Երվանդունիներին և Ծոփքը միացնում իր թագավորությանը։ Հետագայում Ծոփքի նահանգին է միացնում նաև Մելիտինեն։

Տիգրան Մեծի  մահից հետո մ․թ․ա․ 55 թվականին Արտավազդ Բ-ն Արտաշատում թագադրվում է որպես հայոց արքա։ Նա Տիգրանի չորս որդիներից էր․ նրա երեք եղբայրները՝ Զարեհը, Արտաշեսը և Տիգրան Կրտսերը  ապստամբել էին հոր դեմ, որպեսզի դառնան հայոց արքա, սակայն ոչ մի անգամ հաջողության չէին հասել և Տիգրան Մեծի  հրամանով մահապատժի էին ենթարկվել։ Արտավազդ Բ-ն ստացել էր ժամանակի լավագույն հելլենիստական կրթությունը և տիրապետել է հունարեն  լեզվին։

Արտավազդ Բ-ն իր հորից ժառանգում է ամբողջ Մեծ Հայքը, Ծոփքը և Հայոց Միջագետքը։ Նա գահ է բարձրանում, երբ տարածաշրջանում ստեղծվում էր նոր իրավիճակ։ Հռոմեական հանրապետությունը  հասնում էր իր հզորության գագաթնակետին, իսկ Պարթևական տերությունը  նորից սկսում էր վերականգնել իր թուլացած դիրքերը, որի արքա Որոդես 2-ը ցանկանում էր հետ գրավել Տիգրան Մեծի կողմից նվաճված «արքայից արքա» տիտղոսը։ Այդ իրադրությունը ձեռնտու չէր Արտավազդ Բ-ին, այդ պատճառով նա պետք է բռներ չեզոք դիրք, որը կլիներ ամենաճիշտ որոշումը այդ իրավիճակում, սակայն նա ստիպված էր վարել հռոմեամետ քաղաքականություն, քանի որ մ․թ․ա․ 66 թվականին Տիգրան Մեծի կնքած Արտաշատի պայմանագրով  Հայաստանը հռչակվել էր «Հռոմի դաշնակից և բարեկամ» և պարտավոր էր օգնել նրան։

Մ․թ․ա․ 31 թվականին տեղի է ունենում Ակտիումի ծովային ճակատամարտը, որի ժամանակ Օգոստոսի ուժերը կատարյալ հաղթանակ են տոնում Անտոնիոսի զորքերի դեմ։ Օգոստոսի ձեռքը գերի չընկնելու համար Անտոնիոսը ինքնասպանություն է գործում։ Իմանալով Անտոնիոսի ինքնսպանության մասին՝ Կլեոպատրան սկսում է գայթակղել Օկտավիանոսին, որը սակայն չի գայթակղվում և չի ընդունում Պտղոմեոսյան Եգիպտոսի թագուհուն, որը օձի խայթոցի  միջոցով ինքնասպանություն է գործում։ Սակայն մինչև ինքնասպանություն գործելը՝ մ․թ․ա․ 31 թվականին նա հրամայում է մահապատժի ենթարկել հայոց արքա Արտավազդ Աստվածայինին և նրա ընտանիքի մի մասին։ Արտավազդ Բ-ի գլուխը ուղարկվում է իր դաշնակից Ատրպատականի արքա Մար Արտավազդին։ Հետաքրքրական է, որ Կլեոպատրայի հորը՝ Պտղոմեոս XII-ին արքա դառնալու հարցում օգնել էր Տիգրան Մեծը, իսկ Մար Արտավազդը Տիգրան Մեծի դստեր որդին էր և անվանված էր ի պատիվ Հայքի արքայից արքա Արտավազդ Բ Աստվածայինի։ Եգիպտոսը նվաճելուց հետո Օկտավիանոս Օգոստոսը Արտավազդի մյուս երկու որդիներին՝ Արտավազդին ու Տիգրանին  իր հետ տանում է Հռոմ  և այնտեղ պատվով պահում նրանց։

Օգտվելով մ․թ․ա․ 31 թվականին Օկտավիանոսի  ու Անտոնիոսի  միջև տեղի ունեցած ծովային ճակատամարտից՝ Արտաշես Բ-ն իր դաշնակից պարթևների արքա Հրահատ Դ-ի հետ միասին հարձակվում է Անտոնիոսի  բարեկամ և դաշնակից Մար Արտավազդի  վրա և պարտության մատնում նրան, որը փախչում է Օկտավիանոս Օգոստոսի  մոտ։ Օգոստոսը արդեն վերացրել էր եռապետությունը և իրեն հռչակել Հռոմի կայսր։ Հայ-պարթևական դաշինքը ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ․ Արտաշես Բ-ն կնության է առնում Հրահատ Դ-ի դստերը։ Մ․թ․ա․ 30 թվականին Արտաշես Բ-ն վերադառնում է Հայաստան, ազատագրում այն հռոմեական լեգեոններից և ժառանգում հոր թափուր մնացած գահը։ Արտաշեսը Հայաստանին է միացնում Ատրպատականը և իր հատած դրամների վրա վերստին սկսում օգտագործել Արտաշեսյանների արքայատոհմին վայել «արքայից արքա», «մեծ արքա» տիտղոսները։

Հոր մահվան վրեժը լուծելու լինելու համար Արտաշես Բ-ն կոտորել է տալիս Հայաստանի տարածքում գտնվող բոլոր հռոմեացիներին, որոնց թիվը հասնում էր շուրջ 30 հազարի։ Այսպիսի անկախ քաղաքականությունը, իհարկե, դուր չի գալիս Օկտավիանոս Օգոստոսին, որը ցանկանում էր ամբողջ Արևելքում  սահմանել հռոմեական գերիշխանություն։ Այսպիսի գերիշխանության հասնելու համար Օգոստոսին խանգարում էին Արևելքում կանոններ թելադրող երկու հզորագույն տերությունները՝ Արտաշեսյանների թագավորությունը և Պարթևստանը։ Պարթևներին իր գերիշխանությանը ենթարկելու համար Օգոստոսը դիմում է մի քայլի, որը փորձված էր պարթևներին հնազանդեցնելու գործում։ Հռոմի կայսրը պարթևների արքա Հրահատ Դ-ին որպես ընծա է ուղարկում մի գեղանի հարճի՝ Թերմուսային, որին հանձնարարված էր մի լուրջ քաղաքական հանձնարարություն կատարել։ Նա քայլ առ քայլ հարճից դառնում է արքայի կին և իր ձեռքը վերցնում ամբողջ կանանոցը, արքունիքը, ապա Հրահատ Դ թագավորին, հետևաբար նաև ամբողջ պետությունը։ Իսկ Արտաշեսյանների թագավորությունը հպատակեցնելու համար Օգոստոսը դիմում է գումարի ու այլ նենգ միջոցների, որպեսզի պետության մեջ ստեղծի հռոմեասեր նախարարների կուսակցություն, որի շարքերում կայն նաև արքայի մի շարք մտերիմներ և բարեկամներ։

Արտաշես Բ-ի մահով ավարտվում է Արտաշեսյանների թագավորության հզորության ժամանակաշրջանը և թագավորության ներսում սկսում է անկում ու լճացում։

Արտաշես Բ-ի մահից հետո Արտաշեսյանների թագավորությունը սկսեց անկում ապրել։ Մ․թ․ա․ 20 թվականին Տիգրան Գ-ն դարձավ հայոց արքա և սկսեց վարել հռոմեամետ քաղաքականություն, քանի որ նա ավելի քան 10 տարի դաստիարակվել էր Հռոմում  և յուրացրել էր հունահռոմեական մշակույթը և վարքուբարքը։ Ատրպատականը առանձնանում է Հայաստանից, որտեղ սկսում է գահակալել Արիոբարզանեսը։ Այնուամենայնիվ, Տիգրան Գ-ն իր թագավորության վերջին տարիներին՝ մ․թ․ա․ 10 թվականից սկսում է վարել Հռոմից  անկախ քաղաքականություն։ Դրա վկայությունն է Տիգրան Գ-ի հատած դրամները, որտեղ պարզ երևում է դրամների արևելյան՝ պարսկական ոճը։ Անկախ քաղաքականություն վարելու ապացույցներից է նաև այն փաստը, որ Տիգրան Գ-ն իրենից հետո գահաժառանգ է թողնում իր որդի Տիգրան Դ-ին։ Հռոմը հավանություն չէր տվել այս գահաժառանգին, և իր հզորության գագաթնակետին գտնվող Հռոմի կայսր Օկտավիանոս Օգոստոսը  չէր կարող հաշտվել այս քաղաքական հանգամանքների հետ։

Տիգրան Դ-ի գահակալման հենց սկզբին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում նաև Պարթևստանում։ Հրահատ Դ-ի որդի Հրահատականը, որը Թերմուսա տիկնոջ որդին էր, մոր հորդորներով սպանում է հորը և դառնում Պարթևստանի արքան։ Նորից հակահռոմեական տրամադրություններ են առաջանում երկու արևելյան երկրներում՝ Արտաշեսյանների թագավորությունում և Պարթևստանում։ Հակասությունները այն աստիճանի են հասնում, որ մ․թ․ա․ 5 թվականին հռոմեական լեգեոնները ներխուժում են Հայաստան և գահին բազմեցնում Արտավազդ Բ-ի մյուս որդուն, որի անունը Արտավազդ էր։ Նա հռոմեական դաստիարակություն և կրթություն էր ստացել շուրջ 25 տարի, այդ պատճառով նորից Հայաստանում սկսվում է հռոմեամետ քաղաքականություն, որը սակայն ընդհատվում է մ․թ․ա․ 2 թվականին, երբ Տիգրան Դ-ն հայ-պարթևական ուժերի հետ միասին կարողանում է վտարել իր հորեղբայր Արտավազդ Գ-ին, որը հետագայում մահանում է օտարության մեջ։

Տիգրան Դ-ն այս անգամ բազմում է հայոց գահին իր քրոջ՝ Էրատոյի  հետ միասին, որը նաև իր կինն էր։ Այսպիսի ամուսնությունները այդ ժամանակ ընդունված և նույնիսկ տարածված էին Արևելքում։ Հայոց հարցը վերջնական լուծելու համար Հռոմը  այս անգամ դիմում է հին և փորձված միջոցներից մեկին։ Նա կաշառում է կովկասյան լեռնացի ցեղերին և նրանց ուղարկում Հայաստանում ասպատակություններ սփռելու։ Կովկասի սարմատական ցեղերի  դեմ պատերազմելու ժամանակ էլ՝ մ․թ 1 թվականին զոհվում է Արտաշեսյան տոհմի  վերջին գահակալ Տիգրան Դ-ն, որի մահով ավարտվում է Արտաշեսյան արքա արական ճյուղը։ Քիչ անց գահից հրաժարվում է նաև հայոց թագուհի Էրատոն, որով վերջնականապես կործանվում է Արտաշեսյանների թագավորությունը։

Արտաշեսյանների թագավորության արքաները ու գահակալման ժամանակաշրջանները`

Արտաշես Ա Բարեպաշտ — 189 — 160թթ.
Արտավազդ Ա — 160 — 115թթ.
Տիգրան Ա — 115 — 95թթ.
Տիգրան Բ — 95 — 55թթ.
Արտավազբ Բ — 55 — 34թթ.
Արտաշես Բ — 30 — 22թթ.
Տիգրան Գ — 20 — 8թթ.
Տիգրան Դ — 8 — 5թթ.
Արտավազդ Գ — 5 — 4թթ.

Արշակունիների թագավորություն

Արշակունիների թագավորությունը ընդգրկում է գրեթե այն նույն տարածքը, ինչ ընդգրկել է նրանից առաջ գոյություն ունեցած Արտաշեսյանների թագավորությունը։ Այն իր մեջ է ներառում հայկական լեռնաշխարհը, որը գտնվում է Փոքր Ասիա  թերակղզու արևելքում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է, կան 4000-5000 մետր բարձրության հասնող լեռներ։ Թագավորության ամենաբարձր կետը Արարատ լեռն  էր, որի բարձրությունը կազմում է 5165 մ։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնով է ձգվում Պար լեռնաշղթան, որը սկիզբ էր առնում Արարատ լեռից ։ Հայկական լեռնաշխարհը սահմանազատող լեռնաշղթաներից են Արևելապոնտական  (հյուսիս-արևմուտքից), Հայկական Տավրոս  (արևմուտքից), Կորդվաց(հարավից) լեռնաշղթաները։

Արտաշեսյանների թագավորության անկումից հետո Հայաստանը  թատերաբեր է դառնում տարածաշրջանի երկու հզորագույն տերությունների համար։ Այստեղ անընդհատ իշխում էին դրածո արքաներ, որոնք կեղեքում էին ժողովրդին և թալանում պետական գանձարանը։ Այս ժամանակաշրջանում իշխած գրեթե բոլոր դրածո թագավորները դառնում են հայոց ավագանու կազմակերպած դավադրությունների զոհը, որի մասին Վերգիլիոսը  գրել է «կամուրջներ չհանդուրժող Արքաս», այսինքն՝ օտար տիրապետություն չհանդուրժող Հայաստան։

Այս ժամանակշրջանում՝ 54 թվականին Պարթևստանում գահ է բարձրանում Վաղարշ Ա-ն, որը ցանկանում էր իր երկու եղբայրներին՝ Բակուրին և Տրդատին  բազմեցնել հարևան երկրներում՝ Ատրպատականում և Հայաստանում ։ Այս քայլի գլխավոր նպատակը Պարթևստանում  ընթացքող գահակալական կռիվներին վերջապես վերջակետ դնելն էր։ Նա կարողանում է արագորեն Ատրպատականի գահ բարձրացնել իր Բակուր եղբորը, սակայն Հայաստանում նույնը անելու համար նրանից մեկ տասնամյակ և մեծ ջանքեր են պահանջվում։ Սկսվում է հռոմեա-պարթևական պատերազմը, որը տևում է տասը տարի՝ 54-64 թվականներին։

Մինչ այդ՝ 52 թվականին, Տրդատը  պարթևական զորքով արդեն ժամանում է Հայաստան  և թագավոր հռչակվում, սակայն հայոց գահին վերջնական հաստատվելու համար ավելի երկար ժամանակ էր անհրաժեշտ։ Պարթևական զորքը չի դիմանում հայոց երկրի կիլմային և հեռանում է Պարթևստան։ Այդ ժամանակ Տրդատը  մնում է առանց ռազական լուրջ ուժի, ինչի հետևանքով անհաջողություններ է կրում։ Հռոմի Ներոն կայրը 54 թվականին Արևելք է ուղարկում Կորբուլոնին, որն իր զորքրեը դասավորում է հայ-կապադովկիական սահմանին և 58 թվականին ներխուժում Հայաստան։ Մինչև ներխուժելը նա իր լրտեսական ցանցի միջոցով կարողանում է ներքին հակասություններ, ապստամբություններ հրահրել Պարթևստանում, ինչի արդյունքում պարթևական զորքերը չէին կարողանալու օգնության հասնել Տրդատին։ Վերջինս փորձում էր մանր դիմադրություններ կազմակերպել, սակայն ապարդյուն։ Կորբուլոնը գրավում է Արտաշատը  և ավերում այն՝ պատճառաբանելով, որ բավարար զորք չունի այն պահելու համար։ Այս ամենից հետո Տրդատը հեռանում է Ատրպատականի ՝ իր եղբայր Բակուրի մոտ։ 59 թվականիկ Կորբուլոնը շարժվում է դեպի Տիգրանակերտ, որը նույնպես գրավվում է։

60 թվականին Հռոմի կողմից հայոց գահին է բազմեցվում Տիգրանը IV-ը, որը կապադովկիական արքայատոհմից էր։ Այդ ընթացքում Վաղարշ Ա-ն կարողանում է հարթել Վրկանից աշխարհում առաջացած ապստամբությունը և նորից գալ Հայաստան, որով սկսվում է պատերազմի երկրորդ փուլը։ Այդ նույն միջոցին Կորբուլոնը  հեռանում է Կապադովկիա  և այդտեղից լուր ուղարկում Ներոն  կայսերը, որ նրան փոխարինող է պետք Արևելքում, քանի որ Վաղարշի արշավաքնները սպառնում են նաև իր Սիրիա նահանգին։ Մինչ Վաղարշը զբաղված էր իր երկրի ներքին գործերով՝ Հայաստանի նորանշանակ արքա Տիգրան IV-ը հասցնում է արշավանք ձեռնարկել Ադիաբիենի դեմ։ Վաղարշը հայ-պարթևական ուժերի և ադիաբենեցիների հետ միասին հարձակվում է Տիգրանակերտի վրա և պաշարում այն։ Բանակցություններ են սկսվում պարթևների և հռոմեացիների միջև, ինչի արդյունքում Տիգրան Զ-ն հռոմեական երկու լեգեոնների հետ հեռանում է Հայաստանից։ Սակայն այս բանակցությունները արդյունք չեն տալիս և այդ միջոցին՝ 61 թվականի ամռանը Արևելք  է ուղարկվում Պետոս զորավարը։

Պետոսը 62 թվականին ներխուժում է Հայաստան և բանակում Հռանդեա կոչվող վայրում։ Հայկական ուժերը շարժվում են հռոմեական ճամբար, իսկ պարթևական ուժերը, որոնք ղեկավարվում էին Վաղարշ Ա-ի կողմից, հասկանալով, որ Սիրիայի սահմանները շատ ամուր են, որոշում են միանալ հայերին Հռանդեայում և միասնական ուժերով ճակատամարտել։ Տեղի ունեցած Հռանդեայի ճակատամարտում  հայ-պարթևական ուժերը ջախջախիչ հաղթանակ են տանում հռոմեական լեգեոնների նկատմաբ, զինաթափում նրանց և ստիպում անցնել հայերի նիզակներից կազմված լծի տակով, ինչը ամենաստորացուցիչ գործողությունն է զինվորական գործին նվիրված մարդու համար։

Պետոսը լուր է ուղարկում Հռոմ, որ Արևելքում  իրավիճակ չի փոխվել, սակայն Ներոն կայսրը ամեն ինչի մասին տեղյակ էր։ 64 թվականին Կորբուլոնի, Տրդատի և Վաղարշի միջև սկսվում են հռոմեա-պարթևական բանակցությունները, և հենց Հռանդեա կոչվող վայրում էլ տեղի է ունենում պայմանագրի կնքումը։ Ըստ Հռանդեայի պայմանագրի՝ Հռոմը ճանաչելու էր Արշակունիների թագավորության անկախությունը, իսկ Տրդատ Ա-ն պետք է մեկներ Հռոմ, որպեսզի թագադրվեր Ներոն  կայսեր կողմից։ 65 թվականին 3500-անոց պատվիրակությամբ, որի կազմում կային և՛ հայ, և՛ պարթև ազնվականներ, Տրդատը մեկնում է Հռոմ։ Նա հրաժարվում է ծովային ճանապարհորդությունից, քանի որ ըստ հին պարթևների կրոնի՝ արգելված է ծովի վրայով ճանապարհ գնալ։ Նրա ճանապարհորդության բոլոր ծախսերը հոգում էր հռոմեական գանձարանը։

Ի վերջո թագադրվելուց հետո՝ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Հայաստան, և վերջնականապես հիմնադրվում է Արշակունիների թագավորությունը։

Թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասել Տրդատ Գ-ի օրոք և մնացել իր դիրքերում մինչև Պապ թագավորի  մահը։ Խոսրով Բ-ի սպանությունից հետո Տրդատի  խնամակալները նրան փախցրել են կայսեր արքունիք՝ Հռոմ, որտեղ էլ նա մեծացել և դաստիարակվել է։ Նա 276 թվականին մենամարտել է գոթերի իշխանի հետ և հաղթել նրան, ինչով էլ օգնել է Հռոմի կայսրին և ազատել գլխացավանքներից։ Նա հաղթել է նաև օլիմպիական խաղերում։ 287 թվականին Հռոմի կայսրը Տրդատին  օգնական բանակ է տվել և ուղարկել Հայաստան։ Տրդատը թագադրվել է Հայաստանի արքա, սակայն վերջնականապես չի կարողացել հաստատվել գահին։ Իսկ Խոսրով Բ-ին սպանած Անակ Պարթևի որդուն նրա խնամակալները փախցրել էին Փոքր Ասիայի  Մաժակ Կեսարիա քաղաք, որտեղ նա ստացել է քրիստոնեական կրթություն։ Ցանկանալով հոր մեղքերը քավել՝ Անակի որդին՝ Գրիգորը, մեկնել է Հայաստան և ծառայության անցել Տրդատի արքունիքում։ Տեղի ունեցող հեթանոսական ծեսերից մեկի ժամանակ Գրիգորը  բացահայտվել է, երբ նրան հրամայել են երկրպագել հեթանոս աստվածներին, իսկ նա հրաժարվել է։ Իմանալով Գրիգորի քրիստոնյա լինելու մասին՝ Տրդատը հրամայել է նրան բանտարկել Արտաշատի զնդանում, որտեղ Գրիգորը մնացել է շուրջ 13 տարի։ Հետագայում այդտեղ է կառուցվել Խոր Վիրապ եկեղեցին։

Տրդատ Գ-ին հաջորդել է Խոսրով Կոտակը, որը գահակալել է 330-338 թվականներին։ Նա իր «Կոտակ» մականունը ստացել է իր ցածր հասակի պատճառով, որը պահլավերեն բառ է և նշանակում է փոքր։ Տրդատ Գ-ի մահից հետո Հայաստանում սկսվել են գահակալական խարդավանքներ, և մի շարք իշխաններ սկսել են պայքարել գահի համար․ այդ իշխաններից նշանավոր են հյուսիս–արևելյան սահմանակալ Սանատրուկ Արշակունին և հարավային սահմանապետ Աղձնիքի բդեշխ Բակուրը։ Նրանց օժանդակել է պարսից Շապուհ Բ արքան, սակայն գահին հաստատվել է Խոսրով Գ Կոտակը։ Խոսրովի` գահին հաստատվելու գործում մեծ դեր է խաղացել հակապարսկական կուսակցությունը գլխավորող Վրթանես Ա Պարթև կաթողիկոսը, որը դիմել էր Կոստանդիանոս կայսրին։ Խոսրովը ճնշել է ապստամբներին, Հայկական Միջագետքը  և Աղձնիքը նորից վերամիավորել Հայաստանին, ապա Վաչե Մամիկոնյանի  հրամանատարությամբ ամբողջովին ոչնչացրել երկու նախարարական տների՝ Որդունիներին ու Մանավազյաններին, քանի որ նրանք միմյանց հետ կռվում էին վիճելի տարածքների համար։

Խոսրով Կոտակը հիմնել է նաև Դվին մայրաքաղաքը, որին զուգահեռ ստեղծվել է նաև աշխարհի առաջին արհեստական անտառներից մեկը, որն այժմ հայտնի է հենց արքայի անունով՝ Խոսրովի անտառ։ Այն բաղկացած է եղել Տաճարի մայր և Խոսրովակերտ մասերից։ 337 թվականին Շապուհ Բ Երկարակյացը երկու ճակատով հարձակման է անցել ընդդեմ Հայաստանի։ Հայոց արքան հրամայել է հարավային շրջանների իշխան Դատաբեին կասեցնել պարսիկների առաջախաղացումը, սակայն Դատաբեն  անսպասելի անցել է պարսիկների կողմը և դավաճանել իր արքային։ Հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանո գլխավորույթամբ Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որտեղ հայոց 30 հազարանոց զորքերը հաղթանակ են տոնել։ Հաղթանակից հետո Վաչե Մամիկոնյանը  ոչնչացրել է Դատաբեի ամբողջ տոհմը։ Այս դավաճանությունը առիթ է հանդիսացել, որ Խոսրով Կոտակը օրենք հրապարակի, ըստ որի՝ 1000 և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր իշխանները պետք է բնակվեն արքունիքում՝ արքայի հսկողության տակ։ Շուտով պարսիները նորից հարձակվել են Հայաստանի վրա, սակայն հայոց սպարապետը իր կյանքի գնով նորից կարողացել է հաղթանակ տոնել և դուրս վռնդել թշնամուն հայոց սահմաններից, իսկ արքան այդ դեպքերից քիչ անց մահացել է Դվինում․ նրա աճյունն ամփոփվել է Արշակունիների տոհմական գերեզմանոցում ՝ Անիում ։

Արշակ Բ-ն սկսել է գահակալել 350 թվականին։ Նրա օրոք Արշակունիների թագավորությունը հզորացել է։ Արշակը Տիրանի ավագ որդին չէր, սակայն քանի որ թագաժառանգ Արտաշեսը զոհվել էր, մյուս որդի Տրդատը պատանդ էր Հռոմում, Հռոմի համաձայնությամբ Հայաստանում գաահակալում է Արշակ Բ-ն։ 350 թվականին տեղի է ունենում Ոսխայի ճակատամարտը, որտեղ հայ-հռոմեական ուժերը հաղթանակ են տանում պարսիկների նկատմամբ։ Վալենտինիանոս I կայսրն Արշակին ճանաչում է որպես հայոց արքա, սակայն նա չի դառնում Հռոմի կամակատարը։ Այս ամենը հանգեցնում են նրան, որ Վալենտինիանոս I կայսրը սպանել է տալիս Հռոմում պահվող Արշակի Տրդատ եղբորը, ապա հզոր ուժերով հարձակվում հայոց վրա։ Արշակը հաշտություն է խնդրում Վալենտինիանոս I կայսրից և ճանաչում նրա գերիշխանությունը։ Ի նշանավորումն հաշտության՝ Արշակն ամուսնանում է կայսեր մահացած եղբոր կնոջ՝ Օլիմիայի հետ, իսկ կայսրն ազատ է արձակում Արշակի եղբայրներին՝ Գնելին ու Տիրիթին, որոնք պատանդ էին Հռոմում։ Սակայն կան նաև այլ վարկածներ, ըստ որի՝ Արշակը հենց իր գահակալման սկզբում պատվիրակություն է ուղարկում Հռոմ և որպես հաշտության նշան ամուսնանում Օլիմպիայի հետ։

Արշակը սպարապետությունը նորից հանձնել է Մամիկոնյաններին և վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում․ նա սպարապետությունը փոխանցել է Վասակ Մամիկոնյանին։ Կաթողիկոսությունը հանձնվել է Հուսիկի թոռանը՝ Ներսեսին, որը մինչ այդ զինվորական էր և արքունի սենեկապետ։ Ներսեսը 354 թվականին Աշտիշատում հրավիրել է առաջին եկեղեցական ժողովը , որտեղ մի շարք կարևորագույն որոշումներ են ընդունվել․ արգելվում էր մի շարք հեթանոսական սովորություններ և ծեսեր (օրինակ՝ մահացածների հետևից անվայելուչ լացը)։ Այս ժողովում ընդունվել են նաև դպրոցներ, հիվանդանոցմեր, աղքատանոցներ բացելու մասին որոշումներ։ ժողովը կոչ էր անում աշխատավոր խավին հնազանդ լինել իրենց տերերին, իսկ տերերին՝ չափից շատ չշահագործել ռամիկներին։

Արշակը  բանակը ամրացնելու համար զորքը բաժանել է 4 մասի և տեղադրել երկրի 4 կողմերում․ դրանով նա ցանակացել է էր պաշտպանել երկիրը հանկարծակի հարձակումներից։ Արշակի գահկալաման շրջանում եկեղեցական կալվածքները այնքան է մեծացել, որ սկսվել է պայքար աշխարհիկ և եկեղեցական դասերի միջև։ Այս ամենի մասին մենք պատկերացում ենք կազմում Փավստոս Բուզանդի  փոխանցած տեղեկություներից։ Ըստ դրանց՝ արքունիքում մեծ դեր ունեցող Հայր Մարդպետը Աշտիշատում  գտնվելու ժամանակ բարձրացել է տանիք և նայել ընդհարձակ կալվածքներին, ապա կաթողիկոսին հայտնել իր դժգոհությունը, թե ինչու են այս ընդհարձակ կալվածքները պատկանում «կանացիահանդերձ» հոգևորականներին։ Նա ասել է նաև, որ երբ վերադառնա արքունիք, համոզելու է Արշակ Արքայի, որ հետ վերցնի այդ կալվածքները եկեղեցուց։ Ներսես կաթողիկոսը պատասխանել է, որ եթե Հայր Մարդպետը այդպիսի չար մտադրություն ունի , ուրեմն նա արքունիք չի հասնի։ Մարգարեությունը կատարվում է, և նա ճանապարհին սպանվում է։ Այս պատմությունը ցույց է տալիս աշխարհիկ և եկեղեցական դասերի լարվածությունը, ինչը շարունակվում է նաև հետագա տարիներին։

Վռամշապուհի գահակալությունից հետո նորից հայոց գահը հանձնվում է Խոսրով Դ-ին, որը, սակայն, չի կարողանում երկար գահակալել և մի քանի ամիս անց մահանում է՝ գահը թողնելով թափուր։ Պարսից արքան հայոց գահը հանձնում է իր որդի Շապուհին, որը գահակալում է 415-419 թվականներին, սակայն հայոց իշխանական համակարգը չհամակրեց այս դրածոյին։ Ինչպես հաղորդում է պատմահայր Մովսես Խորենացին՝ «բոլորը նրան ատեցին և թագավորաբար չէին մեծարում որսի կամ խաղերի ժամանակ»։ Հենց այդ պատճառով էլ Տիզբոն  մեկնելու ճանաարհին Շապուհը սպանվում է։ Այս ամենին հաջորդում է 422 թվականին կնքված պարսկա-բյուզանդական հաշտությունը, ինչի արդյունքում երկու երկրների համաձայնությամբ հայոց արքա է դառնում Վռամշապուհի որդին՝ Արտաշես Դ-ն։

Հայոց իշխանական համակարգը այս անգամ նույնպես հակադրվում էր հայոց նոր արքային, իսկ Արտաշեսը չէր կարողանում կարգավորել հարաբերությունները իշխանների հետ։ Հայոց կաթողիկոսությունը Սահակ Պարթևի  գլխավորությամբ օժանդակում էր հայոց նոր արքային, սակայն հնարավոր չեղավ հաշտեցնել Արտաշեսին և հայ անհնազանդ նախարարներին։ Հայոց նախարարները մեկնում են Տիզբոն և պարսից արքայի մոտ ամբաստանում հայոց Արտաշես արքային, ինչից հետո վերջինս նույնպես Սահակ Պարթևի հետ միասին կանչվել է պարսից մայրաքաղաք և կանգնել դատարանի առջև։ Պարսից արքայի ճնշումների տեղի չտալով՝ Սահակ Պարթևը չի ամբաստանել հայոց արքային՝ ասելով «Քավ լիցի՝ իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին…»։ Այս ամենից հետո Արտաշես Արշակունին 428 թվականին գահընկեց է արվում և հայոց գավառների կառավարումն անցնում է իշխանների ձեռքը։

Արշակունիների թագավորության արքաները ու գահակալման ժամանակաշրջանները`

Տրդատ Ա — 66 — 88 թթ.
Սանատրուկ Բ — 88 — 110 թթ.
Աշխադար — 110 — 113 թթ.
Պարթամասիր — 113 — 114 թթ.
Վաղարշ Ա — 116 — 144 թթ.
Սոհեմոս — 144 — 161 թթ.
Բակուր Ա — 161 — 163 թթ.
Սոհեմոս-Տիգրան — 164 — 186 թթ.
Վաղարշ Բ —186 — 198թթ.
Խոսրով Ա — 198 — 217թթ.
Տրդատ Բ — 217 — 252թթ.
Արտավազդ Ե — 252 — 272թթ.
Խոսրով Բ — 272 — 287թթ.
Տրդատ Գ Մեծ — 287 — 330թթ.
Խոսրով Գ Կոտակ — 330 — 338թթ.
Տիրան Բ — 339 — 350թթ.
Արշակ Բ — 350 — 368թթ.
Պապ — 370 — 374թթ.
Վարազդատ — 374 — 378թթ.
Արշակ Գ — 378 — 387թթ.
Խոսրով Դ — 387 — 388թթ.
Վռամշապուհ — 388 — 414թթ.
Խոսրով Դ — 415թ.
Շապուհ — 415 — 419թթ.
Արտաշես — 422 — 428թթ.

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s