Սոսկալի դժվարությունների հանդիպելով հանդերձ հայ մշակույթը 15-18-րդ դարերում շարունակում էր զարգանալ: Այն զարգանում էր նվիրյալ անհատների եւ մշակութային հարուստ ժառանգության շնորհիվ:15-րդ դարում շարունակում էր գործել Տաթեւի համալսարանը, որը ղեկավարում էր խոշոր աստվածաբան, փիլիսոփա, ազգային-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթեւացին: Համալսարանն ավարտողները գրում էին ավարտաճառեր եւ ստանում կրթական աստիճան: 17-րդ դարի սկզբներից սկսում է գործել Սյունյաց Մեծ անապատի դպրոցը, որի շրջանավարտները Հայաստանի տարբեր վայրերում դպրոցներ էին բացում: 1763 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երեւանցու նախաձեռնությամբ բացվում է Էջմիածնի դպրոցը: Դպրոցներ են բացվում նաեւ հայկական գաղթօջախներում: 15-րդ դարում գործում էր Ղրիմի հայոց Անտոն վանքի, 17-րդ դարից Նոր Ջուղայի, 18-րդ դ. սկզբներից Վենետիկի սուրբ Ղազար կղզու վանական դպրոցները, 18-րդ դարից սկսում է գործել նաեւ Պոլսի Սկյուտարի դպրոցը:
16-րդ դարում հայ մշակութային կյանքում տեղի ունեցավ խոշոր իրադարձություն` սկզբնավորվեց տպագրական գործը: 1512 թվականին Վենետիկում Հակոբ Մեղապարտի շնորհիվ լույս տեսավ առաջին հայերեն տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը»: Հետագայում հայկական տպարաններ ստեղծվեցին Կ.Պոլսում, Լվովում, Նոր Ջուղայում, Ամստերդամում: Ի դեպ, Նոր Ջուղայի հայկական տպարանը առաջինն էր Պարսկաստանում, Իսկ Ամստերդամի հայկական տպարանում 1668թ. առաջին անգամ տպագրվել է հայերեն Աստվածաշունչը:Տպագրական գործի զարգացումը ազդակ հանդիսացավ հայ պարբերական մամուլի առաջացման համար: 1794 թ. Մադրասում Հարություն Շմավոնյանի ջանքերով լույս տեսավ առաջին հայկական պարբերականը` «Ազդարար» ամսագիրը:
15-18-րդդարերում զարգանում էր նաեւ հայ գրականությունը: 15-րդ դարի բանաստեղծ Մկրտիչ Նաղաշը գրել է բնության, գեղեցկության եւ պանդխտության մասին: Իր ստեղծագործություններում սիրո թեման է արծարծել 16-րդ դարի բանաստեղծ Նահապետ Քուչակը: Այս շրջանում տարածված էին «Տաղարան» եւ «Աղվեսագիրք» ժողովածուները, որոնցից առաջինում հավաքվում էին ժողովրդական եւ բանահյուսական երգեր, իսկ երկրորդում առակներ եւ երգիծական ստեղծագործություններ: