
Հազվադեպ հանդիպող տեսակ է: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»: Տարածված է Հարավարևելյան Եվրոպայում, Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիայում, Արևմտյան Սիբիրում, Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում: Տարածված է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում: Ղարաբաղի հարավում հանդիպում է Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի տարածքում, հյուսիսում՝ Վարնկաթաղ գյուղի տարածքում։
Գերադասում է բնակվել չոր տափաստաններում, կիսաանապատներում, անապատներում: Խուսափում է խիտ բուսածածկով և մշակված տարածություններից: Վարում է մթնշաղագիշերային կյանք։ Առավել գերադասում է խաղողայգիները, պտղատու այգիները և տնամերձ բանջարանոցները: Ունի լավ զարգացած հոտառություն։ Նոյեմբերից ապրիլ ամիսներին ձմեռային քուն է մտնում։ Զույգ է կազմում ձմեռային քնից արթնանալուց հետո։ Ամենակեր է, սակայն գերադասում է կենդանական ծագման կերերը։ Սնվում է միջատներով, որդերով, խխունջներով, օձերով, պտուղներով, հատապտուղներով և այլն։ Սննդային մրցակիցներից են սովորական ոզնիները, միջատակեր և գիշատիչ թռչունները։
Մարմնի երկարությունը 14-28 սմ է, պոչը՝ 1-2,5 սմ, ականջները՝ 3-5 սմ, կենդանի զանգվածը՝ 200-550 գ։ Փորի և կրծքի մորթին սպիտակավուն կամ բաց մոխրագույն է, հաճախ՝ միագույն, մռութը՝ գորշ սևից մինչև բաց շագանակագույն։ Փշերը կարճ են և տեղադրված մեջքի կողքերի հատվածում։ Ճակատն ունի մազաբաժիններ։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: Ոզնիների հանդիպման վայրերում ճանապարհներին տեղադրել արագությունը սահմանափակող վահանակներ: Խստացնել պատժամիջոցները լայնականջ ոզնու ապօրինի որսի համար: