Փորձիր պարզել` ինչ ասել է
- տրիոլետ
- սոնետ
- ռուբայաթ
- գազել
Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:
Տրիոլետ, բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։
Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ գրականության մեջ բազմաթիվ տրիոլետներ է ստեղծել Եղիշե Չարենցը, Վահան Տերյան, Նաիրի Զարյանը։
Տրիոլետ Ինտիմ
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…
Սոնետ, բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։
Սոնետի հանգավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառատողերն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն՝ ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառատող և մեկ եզրափակիչ երկտող։
Սոնետ
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» — քառյակ), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին,իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։
Ռուբայի
Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.
Կգնաս, կանցնես աշխարհքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։
— Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ.
Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։
***********************************************************
Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
***********************************************************
Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.
Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։
***********************************************************
Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։
*********************************************************
Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։
Գազել, բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։
Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Սկսել է ձևավորվել IX-X դդ.-ում։ Նշանավոր են հատկապես պարսիկ բանաստեղծ Սաադիի գազելները։ Իր վերջնական ձևական զարգացմանն է հասել Հաֆեզի մոտ (XIV դար)։ Հայ բանաստեղծներից գազելներ են գրել Վահան Տերյանը (Հրաժեշտի գազել), Եղիշե Չարենցը («Ծիածան», «Տաղարան», 《Մորս համար գազել》) և ուրիշներ։ Առաջին տան երկու տողերն էլ ավարտվում են նույն բառով կամ բառերով, իսկ դրանց նախորդող բառերը հանգավորվում են։ Տողավերջում կրկնվող բառերը կոչվում են ռեդիֆ։ Նույնը կրկնվում է նաև բոլոր հաջորդ տների երկրորդ տողերում։
Մորս Համար Գազել
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…