
ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր, սակայն գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։ Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը (Համաշխարհային ժառանգության օբյեկտներ), մարդու իրավունքների պահպանում։ Հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ։