Պետության ձև, ըստ պետության և իրավունքի տեսության՝ գործնականում քաղաքական նշանակություն ունեցող կառուցվածքային տարր, պետության ներքին կառուցվածքի որոշակի մոդել, որը ներառում է պետական իշխանության մարմինների կազմակերպման ձևը, տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները և իշխանության իրականացման մեթոդները։ Այդ իմաստներով բնորոշվում է պետության կառավարման ձևը, պետության կառուցվածքի ձևը և պետիրավական ռեժիմը։
Վերոնշյալ չափանիշների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս արտաքին հատկանիշներ, որոնցով պայմանավորված դասակարգվում են աշխարհի պետությունները։ Պետության ձևից է կախված պետական կառավարման արդյունավետությունը, իշխանության և հասարակության կայունությունը, քանի որ պետության ձևը, ինքնին, պայմանավորված է քաղաքական փոխզիջմամբ։ Պետության ձևը օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոններով պայմանավորված ժամանակի ընթացքում կրում է բովանդակային և գործառնական փոփոխություններ։ Պետության ձևն իր վերջնական տեսքով ձևավորվում է տնտեսական, հասարակական, պատմական, ազգային, մշակութային և այլ գործոններով պայմանավորված։ Պետաիրավական երևույթների աստիճանական զարգացման ընթացքում տարբեր ժամանակամիջոցներում պետության ձևի մասին արտահայտվում են բազմաբովանդական մտքեր։ Ըստ հռոմեական շրջանի հույն պետական գործիչ Պոլիբիոսի՝ պետականության ծագումն ու հետագա փոփոխությունը, ինքնին, այսպես կոչված «բնության օրենքով» պայմանավորված գործընթաց է, որը չունի տրամաբանական եզրակետ։