Ընտրական իրավունքը անձի քաղաքական իրավունքներից է: Մարդու քաղաքական իրավունքներն ու ազատությունները կազմում են նրա սահմանադրական իրավունքների ու ազատությունների մի խումբը` անձնական, սոցիալական, տնտեսական և մի քանի այլ իրավունքների հետ: Քաղաքական իրավունքներն ու ազատությունները քաղաքացիներին հնարավորություն են տալիս մասնակցելու երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Հենց դրանով է պայմանավորված քաղաքացիներին վերապահված ընտրելու իրավունքի իրականացման կարևոր նշանակությունը, քանի որ դրա միջոցով նրանք մասնակցում են պետության կառավարմանը:Ընտրական իրավունքը կարևոր նշանակություն ունի տվյալ երկրում ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելիս և այն իրացնելիս: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունը չի կարող իրականացնել այլ կերպ, քան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, որոնց ձևավորմանը մասնակցելու ամենաարդյունավետ միջոցը ընտրություններն են: Ընդ որում` քաղաքացին պետք է հնարավորություն ունենա ոչ միայն ընտրելու այդ մարմիններում իր ներկայացուցիչներին, այլև ընտրվելու և այդ կերպ իրացնելու իրեն պատկանող իշխանությունը: Ժողովրդի կողմից իրեն պատկանող իշխանության իրագործման նպատակով` պետության հիմնական օրենքում և այլ օրենքներով ամրագրվում են քաղաքացիների ընտրական իրավունքը, սահմանվում դրա արդյունավետ իրականացման նախադրյալները: