Հողերը դեգրադանում են մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության հետևանքով և բնական ճանապարհով՝ էրոզիայի, աղակալման, ճահճացման, օգտակար հանածոների ոչ ռացիոնալ արդյունահանման, քաղաքների, արդյունաբերական ձեռնարկությունների, ճանապարհների, շինարարական օբյեկտների սխալ պլանավորման, հողերի քիմիական աղտոտման և այլ պատճառներով։ Հայաստանում հողերի պահպանության հիմնական ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է՝ հողի վերին բերրի շերտը դեգրադացումից և հողատարումից պաշտպանելու համար։ Հողատարման երևույթների զարգացմանը նպաստում են վերընթաց գոտիականությունը, ռելիեֆի մասնատվածությունը, բարձրությունների տատանումները՝ լանջերի թեքությունները, արոտավայրերի գերշահագործումը, սխալ անտառհատումները, հողի ոչ ճիշտ մշակումը, մակերևութային հոսքի չկարգավորվածությունը և այլն։ Հայաստանում տարբեր աստիճանների էրոզացված են հողերի ընդհանուր տարածքի 47 %-ը, մշակելի հողերի՝ 26 %-ը, որի հետևանքով կորսվում է հողի սննդարար շերտի 25 %-ը։ Հողատարման երևույթներն առավել ուժեղ են Առագածոտնի, Սյունիքի, ոտայքի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում, համեմատաբար նվազ՝ անտառային գոտում ու Շիրակի մարզում։ Հայաստանում և Արցախում հողբարելավման միջոցով հնարավոր է պայքարել հողերի վատթարացման պատճառների, հաճախ նաև հետևանքների դեմ։ Հայաստանում և Արցախում հողերի պահպանությունն իրականացվում է պետական և տարածքային ծրագրերին համապատասխան՝ պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին, իսկ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի և Արցախի Հողային օրենսգիրք։