Հողը բնական գոյացություն է, երկրակեղևի բերրիությամբ օժտված շերտ, որը
ձևավորվել է երկրակեղևի մակերեսային վերափոխման՝ ջրի, օդի և կենդանի
օրգանիզմների ներգործության հետևանքով: Հողը, ի տարբերություն մյուս բոլոր
արտադրամիջոցների, ճիշտ օգտագործելու դեպքում ոչ միայն չի սպառվում, այլ նաև
ընդհակառակը՝ անընդհատ բարելավվում է, բարձրացնում բերրիությունը: Բնական
պայմաններում 1 սմ հաստությամբ բերրի հողի շերտը ձևավորվում է 125-140 տարվա
ընթացքում:
Հողային ռեսուրսներ հասկացությունը լայն իմաստով ձևակերպվում է հետևյալ
կերպ. «դրանք այն հողերն են, որոնք որևէ կերպ կարող են օգտագործվել
գյուղատնտեսության մեջ»: Հազարամյակների ընթացքում մարդն անընդհատ
ընդարձակել է օգտագործվող հողատարածությունները:
Միաժամանակ բարձրացել է դրանց օգտագործման ինտենսիվությունը:
Հողօգտագործման էքստենսիվ և ինտենսիվ ուղիների համատեղ զարգացման
շնորհիվ նորանոր հողատարածություններ են ընդգրկվել գյուղատնտեսական
արտադրության ոլորտ, միաժամանակ բարձրացել է դրանց բերրիությունը:
Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը (այսինքն՝ տարածքը) կազմում
է 2974.3 հատ հեկտար: Ընդ որում՝ գյուղատնտեսական արտադրության համար
հնարավոր է օգտագործել ամբողջի 46.8%-ը: Քանի որ հայկական լեռնաշխարհը, այդ
թվում Հայաստանի Հանրապետությունը, տիպիկ լեռանային երկիր է, ունի խիստ
կտրտված մակերևույթ, տարածքի զգալի մասը լերկ ժայռեր են, այդ իսկ
պատճառով գյուղատնտեսության համար պիտանի հողերը սահմանափակ են: Ներկայումս
հանրապետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար, որից մոտ
36%-ը կազմում են վարելահողերը, մոտ 4%-ը բազմամյա տնկարկներն են, մոտ 10%-ը
խոտհարկները: ՀՀ-ում առանձնացվում է հողերի հետևյալ գոտիները՝
կիսանապատային, չոր տափաստանային, տափաստանային, անտառային,
լեռնամարգագետնային: Յուրաքանչյուր գոտում, կապված դրա տարբեր
հատկություններից, ձևավորվում է յուրօրինակ հողատիպ:
Հողային ռեսուրսների պահպանության հեռանկարները
Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում մշակովի հողատարածքների
սակավության պատճառով յուրացվում են նաև մեծ թեքության լանջեր, կտրտված
ռելիեֆով, սելավավտանգ, ողողվող, ջրածածկման ենթակա հողամասեր, որի
հետևանքով ուժեղանում է հողերի դեգրադացիան և ինտենսիվանում են սողանքային
երևույթները: Արոտավայրերի ծանրաբեռնվածությունը, ճանապարհների
բացակայությունը՝ կապված վաղ գարնանն անասուններին լեռնային արոտները
բարձրացնելու հետ, բարելավման միջոցառումների գրեթե բացակայությունը,
անսիստեմ արածեցումը բերում է լանջերի խիստ թեքության պայմաններում
բուսածածկույթի նվազմանը և հողերի աստիճանաբար քայքայմանը:
Տարբեր պատճառներով դեգրադացված հողերը հեշտությամբ են կորցնում վերականգնման
հատկությունը, որն առաջացնում է կենսաբանական և տնտեսական
արտադրողականության անկում և կորուստ:
Հողերի դեգրադացիայի դեմ պայքարելու հարցը Հայաստանում համարվում է
առաջնակարգ խնդիր: Այն միշտ հիմքերի վրա դնելու համար ավելի արդյունավետ է
դեգրադացիայի առաջացման կանխումը, քան պայքարել դրա հետևանքների դեմ, որն
ավելի դժվար է ու պակաս արդյունավետ:
Վերը նշված խնդիրներից բացի, հարկ է անդրադառնալ նաև հողերի
սեփականաշնորհման արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածությանը, որը մեծապես խոչընդոտում է այդ հողերի՝ որպես արտադրական գործոն կայացմանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ
հանրապետության առանձին տարածաշրջաններում 1 տնատիրությանը բաժին
հասնող հողատեսքերը տրոհված են 5-ից ավել հողամասերի միջև: Բացի այդ,
առանձին տարածաշրջաններում մեկ տնտեսության հասանելիք հողաբաժնի
ընդհանուր չափը չի գերազանցում 1 հեկտարը, որը նույնպես խոչընդոտում է
արդյունավետ գյուղատնտեսական արտադրության կազմակերպմանը:
Կարգավորման կարիք ունի նաև ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի
հատկապես անօգտագործելի հողերի պահպանությունը: