1991թ. դեկտեմբերի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը:
1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:
1992թ. ապրիլին Երևանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը:
1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Որպես Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկը` Իրանը 1992թ. ձեռնամուխ եղավ Հարավային Կովկասի նորանկախ պետությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների հաստատմանը: Այդ ժամանակից սկսած Հայաստանի և Իրանի միջև աստիճանաբար ձևավորվել և զարգացել է քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցություն:
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվել մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, միջմարզային, գիտակրթական և մշակութային ոլորտներում:
Իրականացված ծրագրեր
1996թ.՝ Արաքս գետի վրա կառուցված, Իրանը Հայաստանին կապող կամուրջ
2005թ.՝ Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայաններ
2007թ. հոկտեմբեր՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան ճանապարհը. Մեղրին Կապանին կապող այլընտրանքային այդ ճանապարհն ունի 91 կմ երկարություն
2007թ՝. Իրան-Հայաստան գազատարի առաջին հատվածի բացում. 140կմ երկարություն և 700մմ տրամագիծ ունեցող գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է 2004թ.:
2008թ. նոյեմբեր՝ գազատարի երկրորդ հատվածի շինարարության ավարտ. ներմուծված 1խմ գազի դիմաց Հայաստանն Իրանին պետք է վերադարձներ 3կվտ ժամ էլեկտրաէներգիա:
Էներգետիկ համագործակցության իրականացված ծրագրերից են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերը: 400 կՎ հզորությամբ օդային 3-րդ գծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019թ-ի սեպտեմբերին:
2016թ. իրականացվեց Իրանի հետ սահմանամերձ գյուղերի գազաֆիկացման ծրագիրը /դրամաշնորհ/:
Հայկական և իրանական կողմերը ջանքեր են գործադրում երկկողմ տնտեսական համագործակցության մեջ նոր հաջողություններ արձանագրելու ուղղությամբ, ինչպիսիք են` Հայաստան մտնող իրանական գազի ծավալների մեծացում, հյուսիս-հարավ (Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան) էներգահամակարգերի միավորում, ՀՀ-ում հողմային էլեկտրակայանների կառուցում (50 մեգավատ ընդհանուր հզորությամբ), ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հաստատում, Հայաստանով Պարսից ծոց-Սև Ծով տրանսպորտային ուղու կայացում և անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացում։
Ընթացիկ ծրագրեր
1.Գազ-էլեկտրաէներգիա փոխանակում /օրական 1 մլն մ3 գազ/ — իրականացվում է
2.Գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ընդլայնում /մինչև օրական 2 մլն մ3/ — քննարկման փուլում է
3.Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցում — շինարարության ավարտը ձգձգվում է, ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները
4.Մեղրի ազատ տնտեսական գոտու ստեղծում – ընթացքում է, 2017թ. դեկտեմբերին տրվել է ԱՏԳ-ի մեկնարկը
5.Իրանական գազի տարանցում Վրաստան
6.Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցում /Իրանի սահմանամերձ հատված/ — ընթացքում է
7.Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազի փոխանակում /SWAP/ – քննարկումների փուլում է
8.Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցում — բանակցությունների փուլում է
9.Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ քառակողմ համագործակցություն – 2015թ. ստորագրվել է հուշագիր
10.ԵԱՏՄ-Իրան համագործակցություն — 2018թ. մայիսին ստորագրվել է Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիր ԵԱՏՄ անդամ-երկրների և ԻԻՀ-ի միջև, համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում
11.«Պարսից ծոց — Սև ծով ճանապարհային միջանցք» — քննարկումների փուլում է
12.Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով մուլտիմոդալ տարանցիկ փոխադրումների ակտիվացում — քննարկումների փուլում է
2016թ. հունիսի 5-ին Թեհրանում ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման մասին փոխըմբռնման հուշագիր, որը Հայաստանի և Իրանի միջև քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը խթանող հերթական քայլ էր:
ՀՀ արտաքին առևտրի գործընկերների շարքում ԻԻՀ-ն 6-րդ տեղում է:
Չնայած 2018թ-ի դրությամբ Հայաստանում գրանցված է ավելի քան 5000 իրանական ընկերություն, գլխավորապես` անհատ ձեռնարկատերեր, այնուամենայնիվ Հայաստանում իրանական ներդրումների և Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով:
Արտահանվող հիմնական արտադրատեսակներն են՝ էլեկտրաէներգիա, միս, անտառանյութ, մետաղի թափոններ:
Ներմուծվող հիմնական արտադրատեսակներն են՝ գազ, նավթամթերք, պոլիմերներ, պարարտանյութ, շինանյութեր:
Երկկողմ տնտեսական համագործակցության ոլորտի հարցերի և ծրագրերի համակարգմամբ և իրագործմամբ է զբաղվում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը, որի նիստերն ամեն տարի հաջորդական հերթականությամբ գումարվում են երկու երկրների մայրաքաղաքներում: 1995թ-ին գումարվել է հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, 2018թ. փետրվարի 27-ին՝ Երևանում տեղի է ունեցել միջկառավարական 15-րդ նիստը։
1992-2019թթ. ընթացքում ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև կնքվել է ավելի քան 180 փաստաթուղթ, որոնք կարգավորում են ՀՀ և ԻԻՀ նախարարությունների և պետական այլ կառույցների միջև հարաբերությունները: