Ի՞նչ է կորոնավիրուսը
ԱՀԿ տվյալներով՝ կորոնավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք առաջացնում են սովորական մրսածությունից մինչև այնպիսի սուր հիվանդություններ, ինչպիսիք են սուր շնչառական համախտանիշը (ՍԱՐՍ) և միջինարևելյան շնչառական համախտանիշը (MERS):
«Coronavirus» բառը առաջացել է լատիներեն «corona» բառից, որը թարգմանաբար նշանակում է թագ: Էլեկտրոնային մանրադիտակով նայելիս՝ վիրուսն արևային թագի պատկեր ունի:
Այս վիրուսները սկզբնապես կենդանիների և մարդկանց միջև են տարածվել: Նշվում է, որ ՍԱՐՍ–ը մարդկանց կատուներից է փոխանցվել, իսկ ՄԵՐՍ-ը՝ ուղտերից:
Կենդանիների շրջանում հանդիպում են որոշ տեսակի կորոնավիրուսներ, որոնք սակայն մարդկանց չեն փոխանցվում:
Չինաստանի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսը ճանաչել են հունվարի 7-ին և դրան տվել են COVID-19 անունը:
Որո՞նք են ախտանշանները
ԱՀԿ տվյալներով՝ վարակման հիմնական նշաններն են ջերմությունը, հազը, շնչառական անբավարարությունն ու շնչառական դժվարությունները:
Որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել թոքաբորբի, մի քանի օրգանների անբավարար գործունեության և անգամ մահվան:
Վարակումից մինչև ախտանշանների ի հայտ գալու ժամանակահատվածը՝ ինկուբացման ընթացքը, հիմնականում 1–14 օր է տևում: Վարակվածների մեծ մասի մոտ ախտանշաններն ի հայտ են գալիս 5-ից 6-րդ օրերին, որոշների մոտ էլ վիրուսը որևէ ախտանշանով չի արտահայտվում։
ԱՀԿ տվյալներով՝ չնայած, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ՍԱՐՍ-ի համեմատ ավելի մեծ է, մահացության տոկոսը մոտ 2 տոկոսով ավելի քիչ է:
Որտե՞ղ են գրանցվել հիմնական դեպքերը
Կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Չինաստանում՝ մասնավորապես Հուբեյ նահանգում:
Մահացության դեպքերը հաստատվել են Հոնկոնգում, Ֆիլիպիններում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Թայվանում, Հարավային Կորեայում, Իտալիայում և Իրանում:
Չինաստանի սահմաններից դուրս վարակման հիմնական դեպքերը գրանցվել են Չինաստան այցելած զբոսաշրջիկների մոտ, սակայն հետզհետե ավելացել են նաև այդ երկրներում մարդուց մարդուն եղանակով վիրուսի փոխանցման դեպքերը:
Ի՞նչ է արվում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար
Ամբողջ աշխարհում գիտնականները փորձում են վիրուսի դեմ պատվաստանյութեր ստանալ, սակայն նշվում է, որ այն զանգվածային սպառման համար հասանելի կլինի 2021թ.:
Մի շարք միջազգային ավիաուղիներ չեղարկել են չվերթները, երկրները փակել են հարևանների հետ սահմանները, որտեղ վարակման դեպքեր են գրանցվել։ Այս թեմայով անցկացվում են նաև մի շարք տեղեկատվական արշավներ։
Որտեղի՞ց է վիրուսն առաջացել
Չինաստանի առողջապահական իշխանությունները դեռևս փորձում են հասկանալ, թե որտեղից է վիրուսը ծագել. նախնական ենթադրությունների համաձայն՝ այն առաջացել է Ուհան քաղաքի ծովամթերքի շուկաներից մեկում, որտեղ նաև վայրի կենդանիների անօրինական վաճառք է իրականացվել:
Փետրվարի 7-ին չինացի հետազոտողները հայտնել են, որ վիրուսը, հավանաբար, Ասիայում ուտելիքների և դեղամիջոցների համար օգտագործվող վարակված թեփամորթներից է փոխանցվել մարդկանց: Այս կենդանիները շուկաներում ապօրինի կերպով են վաճառվում:
Գիտնականները վիրուսի հավանական աղբյուր են նշում նաև չղջիկներին ու օձերին:
Կենսաբանական աղտոտում
Բնական միջավայրի ու մարդու առողջության վրա բացասաբար են ազդում նաև կենսաբանական աղտոտիչները, որոնք մարդու մոտ առաջ են բերում զանազան հիվանդություններ: Դրանք հիվանդաբեր մանրէներն են, վիրուսները, նախակենդանիները, բակտերիաները և այլ օրգանիզմներ, որոնք կարող են գտնվել մթնոլորտում, ջրում, հողում, այլ կենդանիների ու մարդկանց օրգանիզմներում:
Կենսաբանական զենք
Կենսաբանական զենք, հիմնականում պատոգենային միկրոօրգանիզմները կամ դրանց սպորները, վիրուսները, տոքսինները, վարակված կենդանիները և մարդիկ, ինչպես նաև դրանց մատակարարման միջոցները, որոնք նախատեսված են թշնամուն կորուստներ ու վնասներ հասցնելու համար։ Կենսաբանական զենքը զանգվածային ոչնչացման զենք է, ինչպես և քիմիական ու միջուկային զենքերը։
Բակտերիային վարակման օջախում (կենսաբանական զենքի ազդեցության տարածք) բակտերիաբանական զենքի օգտագործման փաստը հաստատելուց հետո անմիջապես սահմանվում է կարանտին։ Դա համաճարակային և ռեժիմային միջոցառումների համակարգ է, որի նպատակն է վարակված տարածքը (այնտեղ գտնվող մարդկանցով և կենդանիներով հանդերձ) շրջապատող միջավայրից մեկուսացնելը և հիվանդությունն օջախում վերացնելը։ Մուտքը բակտերիաբանական վարակված օջախ և այնտեղից ելքը խիստ վերահսկվում են։ Օջախից ելքի (մուտքի) անհրաժեշտության դեպքում բնակչությունը ենթարկվում է լրիվ սանիտարական մշակման։ Օջախում կարանտին սահմանելու պահից անցկացվում է անհետաձգելի կանխարգելում. բնակչությունն ստանում է հակաբիոտիկներ և այլ դեղանյութեր, որոնք նպաստում Են օրգանիզմ ներթափանցող վարակների հարուցիչների կանխարգելմանը, կատարվում են նաև կանխարգելիչ պատվաստումներ։
Բակտերիաբանական վարակված օջախում բնակչությունը պետք է խուսափի ավելորդ շփումներից, խստորեն պահպանի անձնական հիգիենայի և հասարակական հիգիենաճի կանոնները, չօգտագործի կասկածելի որակի ջուր և սննդամթերք։ Օջախում զանգվածային հիվանդությունների առաջացման դեպքում բնակչությունը բաժանվում է առանձին խմբերի՝ տներում և բնակարաններում, օջախում հաստատվում է հակահամաճարակային խիստ ռեժիմ, կատարվում է ուժեղացված բժշկական հետազոտություն՝ համայց տներում, հիվանդների հայտնաբերում, ջերմաչափում։ Բնակչությունը պետք է ըստ ամենայնի օժանդակի բուժաշխատողներին, որը բարձրացնում է միջոցառումների արդյունավետությունը։ Տկարություն զգալիս և ջերմաստիճանը բարձրանալիս անմիջապես դիմել բուժօգնության։
Կիրառված բակտերիային միջոցի տեսակը հաստատելուց հետո բակտերիաբանական որոշ զենքերի դեպքում կարանտինը փոխարինվում է դիտազննումով (օբսերվացիա), շարունակվում է օջախի բժշկական հսկողությունը, ինչպես նաև կիրառվում են բուժկանխարգելիչ ու մեկուսացնող-սահմանափակող միջոցառումներ, որոնք խոչընդոտում են վարակի տարածումը և ուղղված են դրա արագ վերացմանը։ Կարևոր նշանակություն ունեն վարակիչ հիվանդների վաղ հայտնաբերումը, մեկուսացումը. հոսպիտալացումն ու բուժումը, տարածքի, շենքերի ու շինությունների վարակազերծումը, բնակչության սանիտարական մշակումը, կանխարգելիչ պատվաստումների կատարումը։
Բակտերիաբանական վարակման օջախում գտնվելիս բնակչությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի սննդամթերքի պահպանությանը։ Ջուրը կարելի է խմել միայն վարակազերծելուց (30 ր եռացնելուց) հետո։ Սննդամթերքը պետք է պահել կիպ փակվող ամաններում կամ պոլիէթիլենե փաթեթներում, օգտագործելուց առաջ ենթարկել մանրազնին ջերմային մշակման։ Բնակելի շենքերում անհրաժեշտ է ախտահանիչ միջոցներով խոնավ մաքրում, հագուստի, սպիտակեղենի (լվանալ սինթետիկ լվացամիջոցների եռացող լուծույթներով), կենցաղային իրերի ախտահանում։ Հատուկ նշանակություն է ձեռք բերում անհատական և հասարակական հիգիենայի կանոնների պահպանումը՝ մաշկի ուշադիր խնամք, բերանի խոռոչի մաքրում, թափոնների ժամանակին հավաքում և հեռացում և այլն։ Այդ ամենն իջեցնում են վարակիչ հիվանդությունների տարածման հնարավորությունը։ Բակտերիաբանական վարակման օջախի վերացումից հետո անցկացվում է օջախի տարածքի, շենքերի, տրանսպորտային միջոցների ախտահանում և բնակչության լիակատար սանիտարական մշակում՝ հագուստի և կոշիկների ախտահանումով։