Պարույր Սևակի ստեղծագործությունները

Մի պահ զղջում եմ

Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի, 

Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի։ 

Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին 

Քանի՜- քանի՜սը կյանքում — ե՛ս էլի գիժ մնացի։

Ով հանդիպեց՝ ստացավ մի թաս գինի ինձանից, Լոկ ես գինի չըմպեցի իմ սեփական հնձանից։

Ի՞նչ եմ եղել ողջ կյանքում՝ հարսանքավոր ու քավոր,

Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։  

Վստահեցին ոմանք ինձ — հոգիս դարձավ գաղտնարան, 

Վստահեցի շատերին — գաղտնիքս առան ու տարան։  

Ու զղջում եմ ես մի պահ. սեր ու բարիք եմ ցրել, 

Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը՝ վաճառել… 

Այս բանաստեղծությունը զետեղված է <<Մարդը ափի մեջ>> շարքում, գրել է 1957 թվականին Մոսկվայում: Ներկայացնում է իր նվիրվածությունը մարդկանց, ինչին ի պատասխան ինքը ոչինչ չի ստացել, այլ միայն խաբվել է: Այդ իսկ պատճառով մի պահ զղջում է իր արած լավությունների համար, բայց հաջորդ պահին վերստին պատրաստ է նոր լավություններ անել, որովհետև այդպիսին է նրա բնույթը:

Վարք Մեծաց

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.

Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:

Եվ ժամանակից առաջ են ընկնում,

Դրա համար էլ չեն ներում նրանց: 

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.

Հասարակ հորից ու մորից ծնված՝

Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,

Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում: 

Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,

Որ նախընտրում էր քնել տակառում:

Սերում են նրանք և ա՛յն պատանուց,

Որ սիրահարվեց իր իսկ պատկերին: 

Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,

Որ սատանային հոգին են ծախում,

Միայն թե անե՛ն մտածածն իրենց,

Ի՜նչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ: 

Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,

Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,

Վախ են ներշնչում պետություններին

Մինչև իսկ իրենց կամքի հակառակ: 

Արքաների հետ խոսում են «դու»-ով,

Եթե, իհարկե, լսում են նրանց,

Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է, չե՛ն լռի,

Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ: 

Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝

Հայտարարվում է և օրենքից դուրս:

Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.

Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ…

Այս բանաստեղծությունը գրելիս Սևակը նախ և առաջ նկատի ուներ իրեն, որովհետև այն, ինչ պատկերված է, կատարվել է իր հետ: Սակայն բանաստեղծությունն ունի ընդհանրացման մեծ ուժ և իր՝ բանաստեղծի կերպարի մեջ միավորում է բոլոր նրանց, որոնց նմանները թեև ուշ-ուշ են ծնվում, բայց ծնվում են ճիշտ ժամանակին, <<Եվ ժամանակից առաջ են ընկնում>>, ժամանակն առաջ են տանում, հենց դրա համար էլ չեն ներում նրանց:

Այդ մեծերը մարդկության առաջընթացն ապահովող շարժիչ ուժերն են, որ ավանդաբար շարունակում են մեկը մյուսի գործը: Ուստի նրանք <<անտոհմ չեն>>:

Նրանք սերում են նաև առասպելական Նարցիսից, ով, ջրի մեջ տեսնելով իր արտացոլանքը, սիրահարվում է իր իսկ պատկերին:

Նրանք արևի, հրդեհի, այսինքն՝ ջերմության պես անվտանգ են, օգտակար լորտուի պես անվնաս են և պետություններին վախ են ներշնչում, որովհետև արդարամիտ են ու ճշմարտախոս: Նրանք այնպիսին են, որ իրենց կյանքի գնով անգամ կասեն ճշմարտությունը: Նրանք միևնույնն է, կխոսեն, եթե անգամ իրենց չլսեն: Ահա այստեղից <<Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ>>: 

Մեծերի վարքով է պայմանավորվում աշխարհի առաջընթացը: Նրանք են, որ <<Սահմանում են նոր օրենք ու կարգ>>, այդ իսկ պատճառով <<Հայտարարվում են և օրենքից դուրս>>:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s