Ժողովուրդների կյանքում միշտ մեծ նշանակություն է ունեցել պարարվեստը և չնայած լինելով արվեստներից ամենակոնսերվատիվը միշտ զարգացել է տվյալ ժողովրդի քաղաքակրթության աստիճանի զարգացման և կենցաղի բարեփոխման հետ զուգահեռ: Բայց կրած այդ փոփոխություններով հանդերձ մեր պարերը կրում են հազարամյակներ առաջ ստեղծված տոտեմական, էպիկական, վիպական, ծիսական և այլ պարերի կնիքը և առավել ևս հոգեբանությամբ գրեթե ոչ մի փոփխություն չեն կրել: Այդպես եղել է բազում դարերի ընթացքում, նույնիսկ անկախությունը կորցրած ժամանակ հային հայ պահող հիմնական կռվաններից մեկը ազգային արվեստն է եղել, որում թերևս կարևորագույն դերը պատկանել է պարարվեստին:
Այսինքն հստակ է այն, թե ինչքան է կարևորվում ազգային դաստիարակության և ազգային դիմագծի պահպանման մեջ ազգային պարարվեստի անաղարտ պահպանումը և ազգային նկարագրին և հոգեբանությանը հարազատ մնալով նրա զարգացումը:
Ազգային պարը այժմ բաժանվում է երկու խմբի` ազգագրական և ժողովրդական: Ժողովրդականը ազգագրականից պետք է տարբերվեր միայն բեմադրությունով, այսինքն ազգագրական պարին պետք է բեմական տեսք և բեմական կեցվածք տրվեր: Բայց «կատարյալ» բեմադրություններ իրականացնելու անվան տակ ազգային պար ներմուծվեցին կովկասյան և հետագայում նաև բալետային պարաքայլեր, որոնք անհայտ է ինչքանով են ավելի դիտարժան դարձնում ազգային պարը, բայց որ աղճատում են պարի ոգին և գաղափարական կառուցվածքը` անհերքելի փաստ է:
Միգուցե մեր հանճարն է տկար, բայց վստահաբար հայ պարը ընձեռում է հնարավորություն՝ հարազատ մնալով բուն պարաքայլերին, ստեղծելու դիտարժան բեմադրություններ:
Մենք մեղանչել ենք հայ պարի դեմ: Կտրել ենք արմատները, փորձում ենք մի կերպ կանգուն պահել երերացող ծառը և դեռ ուզում ենք, որ պտուղ տա: Այսօրվա հրամայականն է վերադառնալ արմատներին, և ազգային պարը վերադարձնել ժողովրդին, վերստին դարձնել ժողովրդական:
Անցած դարի 50-ականների վերջից ազգային պարը ձևախեղվեց այսպես կոչված խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարը խցկելու համար: Եվ քանի որ հանրապետության բոլոր առաջավոր պարի համույթները և պարարվեստի ուսումնարանը բացառապես ղեկավարեցին դասական, բալետային պարի ներկայացուցիչները, ազգային պարը օրեցօր հեռացավ իր ակունքներից, և այժմ սկզբունքորեն հակասում է հայ պարի հիմունքներին, որոնք նշված են Կոմիտասի, Վահրամ Արիստակեսյանի և Սրբուհի Լիսիցյանի աշխատություններում: Հայկական պարի հիմքը զիստային շարժումներն են, այսինքն ոտքերի զսպանակավոր շարժումները, որոնք հնարավոր են միայն ծնկածալերի միջոցով: Դասական պարերի համար ոտքերի այդ վիճակը անհարիր է, որովհետև «ծնկները դուրս են գալիս» և դասական պարը, ավելի ճիշտ կլիներ ասել պարողը կորցնում է իր սլացիկությունը: Այսինքն կարելի է առանց վարանելու ասել, որ ազգային և դասական պարարվեստների հիմունքները մեղմ ասած իրար հետ այնքան էլ համատեղելի չեն, և ոչ մի դեպքում չի կարելի ազգային պարի դասավանդումը սկսել դասական պարաքայլերի ուսուցումով, որոնց խորը ուսուցանումից հետո գրեթե անհնար է դառնում ճիշտ «հայերեն պարելը»: Ցավոք սրտի և Պարարվեստի ՈՒսումնարանում և ժողովրդական կոչված պարախմբերում դասավանդումը հենց այդ ձևով էլ կատարվում է, օրեցօր հեռացնելով ազգային պարը իր ակունքներից, իսկ շատ հարցերում սկզբունքորեն հակասելով ազգայինին: Իսկ անաղարտ ազգային պարը պահպանվել է Հայրիկ Մուրադյանի և մի քանի այլ նվիրյալների կազմավորած սիրողական ազգագրական խմբերում:
Այսօրվա հրամայականն է վերադառնալ արմատներին, և’ ազգային պարը վերադարձնել ժողովրդին, վերստին դարձնել ժողովրդական: Մենք արհեստականորեն օտարեցրել ենք ազգային պարը ժողովրդից: Իսկ պարի բնականոն ընթացքը, առավել ևս զարգացումը կարելի է ենթադրել միայն այն ժողովրդին վերադարձնելու ճանապարհով:
Յարխուշտա

Ռազմական պարերի ժանրը հայ պարաֆոնդին բնորոշ ինքնատիպ երևույթներից է: Դրա մասին հիշատակությունները և վկայություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Գրիգոր Մագիստրոսի մոտ: Ինչպես բոլոր ծիսական պարերը, այնպես էլ ռազմականները համարվել են սրբազան և դրանց կատարմանը լուրջ նշանակություն է տրվել: Այդ պարերը կատարել են ռազմի գնալուց առաջ ռազմիկների մարտական ոգին բարձրացնելու, հաճախ նույնիսկ ռազմի հաջող կամ անհաջող ավարտը նմանողական գործողության միջոցով գուշակելու նպատակով: Պարել են նաև ռազմական հաղթանակներ տոնելիս և կամ թաղման արարողություններին` հատկապես եթե հանգուցյալը կապ է ունեցել ռազմական գործի հետ:
Ժողովրդական տոներին, հարսանիքներին դրանք կատարվել են հատուկ ծիսական նպատակադրմամբ` ամուսնացող զույգի համայնքի բարօրությունն ապահովելու, հնի ու նորի սահմանագիծը բարեհաջող հաղթահարելու համար: Ռազմական պարերի կատարումը հնուց ի վեր ունեցել է մեկ այլ կարևոր նշանակություն նույնպես. այն դիտվել է որպես ռազմամարզական դաստիարակության միջոց: Ռազմական պարեր սովորելիս և դրանց տեխնիկական ու արտահայտչական բարդությունը հաղթահարելիս երիտասարդները ոչ միայն ֆիզիկապես մարզվել են, այլև յուրացրել այն սոցիալական և մշակույթային նորմերի համակարգը, որը բնորոշ է տվյալ համայնքին:
Յարխուշտա ռազմական խաղ-պարը, պատկանում է Ծափ պարերի տեսակին և առանձնանում յուրօրինակ կառուցվածքով, խաղային, երաժշտական, բանահյուսական տեքստերով և գունեղ կատարման ոճով: Ծափ պարերը հայկական ռազմական պարերի տեսակներից են: Այդ պարերում շարժումները շեշտվում են հանդիպակաց զույգի հետ ծափերով, որոնք կարծես թե փոխարինում են զենքերին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը: Հայկական ռազմական ծափ պարերից են` Խարզանի Յարխուշտա կամ Թաք Յարխուշտա, Սլիվանի Յարխուշտա, Մաչինո, Մընդո, Հալա կըշտա, Դե բժան, բժան պարերը:
Ծափ պարերում առանձնանում է հանդիպակած զույգի հետ ծափերի կատարման երկու տեսակ` ծափեր զույգի հետ մեկ ձեռքով և ծափեր երկու ձեռքով: Երբ ծափերը կատարվում են մեկ ձեռքով, այդ դեպքում մեկ կողմը հանդես է գալիս որպես հարձակվող, իսկ մյուսը` պաշտպանվող: Հնարավոր է, որ վաղ անցյալում զույգերն ունեցել են թրեր, նիզակներ և վահաններ հարձակման և պաշտպանության նպատակով, որոնք ժամանակի ընթացքում փոխարինվել են զույգերի աջ ձեռքերի միմյանց ուժգին բախվող հարվածներով: Այս տեսակի Ծափ պարերում պարաձևերը հերթագայում են այնպես, որ մեկ մի կողմն է հարձակվում մյուսը պաշտպանվում, մեկ էլ` մյուսը: Երբ ծափերը կատարվում են երկու ձեռքով, հանդիպակած կողմերը հարձակվում, հավասարապես զարկում և պաշտպանվում են միաժամանակ: Այս դեպքում կարծես թե վերանում են նահանջողի դերն ու վահանի գործառույթը: Երկու կողմերն էլ զինված են հարձակման զենքերով, այն է` միաժամանակ կատարվող երկու ձեռքի ծափերով և հարձակողական դիրքերում են:
Յարխուշտան որպես խաղ: Խաղ ու պար տերմիններն հոմանիշներ են հայերենում: Յարխուշտան այն խաղերից է, որոնք ներկայացնում են խաղի և պարի միջանկյալ ձևը կամ մեկից մյուսին անցնելու ընթացքը: Ռազմական այս խաղին բնորոշ են թատերականացված մնջախաղային երկխոսությունները անհատների և խմբերի միջև, մենամարտ-մրցույթը, կռվախաղը, խաղի մրցակցային ոգին և հաղթող ու պարտվող կողմերի առկայությունը:
Այն եղել է սասունցիների մեջ տարածված խաղերից, որը կատարվել է բազմամարդ ուխտագնացությունների ժամանակ Անդոկի, Մարութա սարի, Ծովասարի և Մշո Ս. Կարապետ վանքի տոներին, հարսանիքներին ու խնջույքներին: Մասնակցել են հասուն տարիքի մարդիկ, պատանիները, հաճախ նույնիսկ տարեցները:
Խաղացողները բաժանվել են երկու խմբի: Խաղի սկիզբն ավետել է մարտիկների երեքանգամյա ծափը, որից հետո նրանք ուղիղ գծաշարով հարձակվել են միմյանց վրա, երեք անգամ ձեռքերը միմյանց զարկել ու նորից ետ նահանջել: Այդ ամենը կատարվել է խիստ համաչափ, ռիթմիկ, ուղեկցվել երգ ու պարով: Այդ ռիթմիկ խաղը շարունակվել է այնքան, մինչև որ կողմերից մեկն իրեն պարտված է զգացել: Յարխուշտա խաղացողները ռազմական տարազ են կրել, մեջքին, աջ կողմի առաջամասում` դաշույնով:
Յարխուշտա պարի շարժական տեքստը: Ժամանակի ընթացքում Յարխուշտայի խաղային տարրը փոքր ինչ պասիվացել է, տեղի տալով շարժումների պարային բնույթին: Դրա հիմնական դասավորությունը (միզանսցենը) շրջանն է, որը պարբերաբար քանդվում է և վերադասավորվում երկու ուղիղ հանդիպակած գծի: Այդ գիծ-մարտաշարքերը մոտենում են միմյանց, կարծես թե հարձակվում իրար վրա: Այնուհետև պարողները բախվում են գլխավերևում կատարվող ծափերով և հեռանում, նահանջում: Մարտաշարքերը պարելով քանդվում են կամ վերադասավորվում շրջանի: Շրջան – երկու շարք – շրջան միզանսցենաների այս հերթագայումը բնութագրում է պարի հիմնական կառուցվածքը և կարծես թե խորհրդանշում ընդմիջվող բեկումներով ընթացող տիեզերական անվերջության գաղափարը:
Յարխուշտան պարում են երկու հակառակորդ խմբի բաժանված և յուրաքանչյուր մարտիկ պարում է մյուս խմբի դեմ-դիմաց կանգնած մարտիկի հետ, նրա հետ զույգ կազմելով: Պարը կարելի է բնութագրել նաև որպես մարտնչող զույգերի խմբական կատարում:
Յարխուշտայի հիմնական պարաքայլն ընդմիջվում է հակառակորդ զույգերի ծափերով և մեկ ոտքի ծունկը գետին զարկելով: Պարաձևերն հերթագայում են մեկը մյուսին, ավանդական պարին բնորոշ սահմանված կարգով, սակայն առկա է նաև ազատ իմպրովիզացիան, հատկապես շրջանով պարի ժամանակ: Պարողները կարող են մինչև հաջորդ մարտաշարք – միզանսցեն ձևավորելը առանձին պտույտներ կատարել տեղում կամ շարժմամբ, ծափ տալ, ձեռքերն իջեցնել կամ այլ դիրքեր ընդունել: Դա պարի այն հատվածն է, երբ մարտիկները կարծես թե տրամադրվում են, նախապատրաստվում հարձակման և սկսվում է այն պահից, երբ մարտաշարքերը քանդվում են:
Քանի որ այս պարում կատարողները միմյանց ձեռքերը չեն բռնում, դրանց շարժումները նույնպես կարող են իմպրովիզացիոն բնույթ ունենալ: Ձեռքերը գլխավերևում հակառակորդի հետ կատարվող ծափերից հետո ազատ շարժումներ են կատարում` արմունկների և դաստակների պտույտներ, կարող են նաև ներքև իջեցնել: Ուսերը թափահարվում են վերև և ներքև, ինչպես ժողովուրդն է ասում` ժշխվում: Թվում է, թե այս խմբական մարտապարում պարագլուխ չկա, սակայն պարողները կողմնորոշվում են` հետևելով առաջին զույգի պարողին: Եթե նրանք փոխում են տեղերը, ապա մյուս զույգերը նույնպես հաջորդաբար փոխում են իրենց տեղերը` պահպանելով մարտնչողների նույն կազմը: Հայտնի են դեպքեր, երբ պարողները զգացմունքային ընդգծված վիճակի (էքստազ) մեջ են ընկնում և անընդմեջ ու ուժգին ծափերից նույնիսկ արյունոտում ձեռքերը: Հաճախ էլ նրանք միմյանց են զարկվում ոչ միայն ծափերով, այլև կրծքով ու ծնկներով, որից հետո նահանջողներն արշավում են նոր թափով
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=RYnAhPjtJ-Q
Թարս պար

Գրաբարում ձախը կոչվում էր ահյակ: Ձախ կողմի անվան հետ է կապված ահոկել բայը – վնասել: Ձախ ուղղության նշանակությունը – ահյակ, որպես անհաջող, վնասող արտահայտվում էր նաև հնագույն ահոկ բառի իմաստում – վնաս, մեղադրանք, մեղք, զանցանկ:
Թարս` բառացիորեն շրջած, հակառակ, բառի հետ կապված բոլոր բառերն ու բառակապակցությունները մշտապես օգտագործվում են սխալը, անճշտությունը, անհաջողությունը բնութագրելու համար: Օրինակ` թարս հասկանալ – ոչ ճիշտ հասկանալ, թարսի պես – անհաջողություն, դժբախտություն, թարս գնալ – անհաջող ընթանալ, հակառակ նախանշված, նպատակադրված ուղղության, թարսել – ճամփից շեղել, շփոթեցնել, թարսվել – շրջվել հակառակ կողմը:
Թարս բառարմատը հնդեվրոպական նախալեզվում նշանակում է չորանալ, ծարավել, ինչը անմիջական կապ ունի թոռոմելու, երաշտի հետ: Երաշտ բառը կապվում է սկզբնաբառի` թարսի հետ, ինչը մարդկանց նյութական, տնտեսական կյանքում պիտի որ փոխանցեր բերքի կորուստ, չորացում, նրա թոռոմում, անձրևով բեղմնավորվելու ողջ բնության փափագը: Այստեղից հասկանալի է դառնում, որ եթե Վեր-վերի տեսակի պարերը բնության բերքատվության հետ կապված պարեր են, ապա թարս պարերը երաշտի, անհաջողության, ողջ բնության ծարավի, բերքի կորստյան, անհաջողության և վնասի, տնտեսությանն ու բարեկեցությանը, մարդկանց ուտելիքին երաշտի հասցված վնասի հետ կապված պարեր են: Երաշտից տնտեսություննում ամեն ինչ հակառակ է գնում – թարսվում է:
Մարդկանց կյանքում անհաջողությունն ու չարը կարող են լինել և ոչ միայն երաշտից, ոչ միայն անբերիությունից: Հնագույն ժամանակներում հայերի, և հավանաբար նրանց նախնիների կողմից կրած, վերապրած յուրաքանչյուր աղետ, ողբերգություն ողբվում էր և ուղղեկցվում ընդհանուր ձախ` «անհաջող» կողմ ընթացող պարերով: Բայց նման պարերի հետագծերը տարբերվում են երաշտն ու անբերրիությունը ողբացող պարերի հետագծերից:
Ձախ, թարս պարերը` մասնակիցների ճիշտ, հաջողկողմին հակառակ, ընդհանուր ձախ տեղաշարժով բնութագրում են իրենց վաղնջական, ժողովրդի կողմից մոռացված բովանդակությունը:
Հին ժամանակներում ընդհանուր ձախ տեղաշարժով պարերը պարել նշանակել է կամ ողբալ իր համայնքին, ընտանիքին հասած աղետը, ողբերգությունը, անհաջողությունը, վնասը, կամ իր անհաջող, վնասակար, չար, կախարդական շարժումներով և երգերով – հմայությամբ աղետ, չարն ու փորձանք կանչել թշնամու գլխին:
Թարս պարերից ընդամենը մի տարբերակը ներկայացնելով ասենք, որ այս տարբերակը Սարիղամիշի տարբերակն է:
Պարաշարքը շրջանաձև է: Պարողները ձեռքերը բռնում են ճկույթներով, իրարից բավականաչափ հեռու կանգնելով, այնպես, որ պարողների 45˚-ով առաջ պարզած դաստակները գտնվում են պարողների մեջտեղում: Արմունկները ծալված են սուր անկյունով: Պարաձևը կազմված է 10 պարաքայլից:
1. – Բավականին մեծ քայլ ձախ ոտքով դեպի ձախ, 2. – Աջ ոտքով կատարել քայլ դեպի ձախ, խաչաձև ձախ ոտքի դիմացով անցկացնելով, 3. – Ձախ ոտքով քայլ դեպի ձախ, 4. – Կրկնել 2-րդ քայլը, 5. – Կրկնել 3-րդ քայլը, 6. – Դադար, 7. – Աջ ոտքով քայլ դեպի աջ, 8. – Ձախ ոտքով խաչվող քայլ դեպի աջ, այն խաչված դնելով աջ ոտքի կրունկի հետևում, 9. – Աջ ոտքով մեծ թեք քայլ դեպի աջ և առաջ, 10. – ձախ ոտքը բարձրացնել ետ, ծալելով ծունկը: Քայլերը բոլորը բավականաչափ մեծ են:
Այս պարը կարելի է ասել ընդհանուր երեք ձախ և երկու աջ տեղաշարժ ունեցող պար է:
Սարիղամիշի Թարսպարի ողջ պարաձևը կազմված է միահյուսված պարաքայլերից, «խորամանկ խառնահյուսքերից», թշնամական խարդավանքներից, ինչն էլ արտահայտվում է գալարուն, ոլորապտույտ, ծուռումուռ հետագծով:
Հավանաբար այն կարող է նպատակամղված լիներ նաև չար ուժի ներթափանցումը կանխելու միտումով, ոլորապտույտ, գալարուն շարժումների մեջ չար ոգուն խճճելով նրա ներթափանցումը մեր համայնք արգելափակելով:
Նմանատիպ զարդանախշեր կան նաև եկեղեցիների տաճարների դռների, շքամուտքերի, բարավորների վրա, որոնցով փորձ է արվել կանխելու չար ոգու ներթափանցումը տաճար, եկեղեցի, կամ այլ սրբավայր:
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=9_9ZEMcjOkI