Պատմվածք

Խոհանոցի ժամացույցը: Վոլֆգանգ Բորխերտ
Նրանք դեռ հեռվից նշմարեցին մոտեցող կերպարանքը, քանի որ վերջինս աչքի էր ընկնում: Նա ծեր էր թվում, բայց երբ մոտեցավ, նկատեցին, որ հազիվ քսան տարեկան կլիներ: Ծերունու դեմքով այդ երիտասարդը նստեց նրանց մոտ՝ նստարանին, ապա կողքիններին ցույց տվեց այն, ինչ իր ձեռքում էր:
-Սա մեր խոհանոցի ժամացույցն էր,-ասաց նա, և բոլորը, որ նստարանին՝ արևի տակ, նստած էին, հայացքով հերթով զննեցին այն,- գտել եմ: Սա է միայն մնացել:
Երիտասարդը, որ ծերունու նման էր, ձեռքին պահել էր խոհանոցի ժամացույցի սպիտակ շրջանակը և մատներով շոշափում էր կապույտ ներկված թվերը:

  • Այն այլևս ոչ մի արժեք չունի,- շարունակեց նա հանդարտորեն,- ես դա գիտեմ: Այն նաև առանձնապես գեղեցիկ չէ: Հիմա սովորական ափսեի նման է՝ պարզապես սպիտակ լաքով պատված: Բայց ես կարծում եմ, որ կապույտ թվերը բավական գեղեցիկ տեսք ունեն: Սլաքները, իհարկե, զուտ թիթեղյա են, սակայն այլևս չեն շարժվում: Ներսում ջարդված է, դա անկասկած է: Բայց տեսքը առաջվա նման է, նույնիսկ եթե հիմա այլևս չի աշխատում:
    Նա մատների ծայրով մի զգույշ շրջան արեց ժամացույցի շրջանակի երկայնքով: Ապա կրկին ասաց կամացուկ.
  • Միայն սա է մնացել:
    Նրանք, որ նստարանին՝ արևի տակ էին նստած, հայացքները չբարձրացրին: Նրանցից մեկը՝ մի տղամարդ, աչքը գցեց իր կոշիկներին, ապա՝ կողքի մանկասայլակով կնոջը: Քիչ անց մեկ ուրիշն ասաց.
  • Դուք հավանաբար ամեն բան կորցրել եք:
  • Հա՛, հա՛,- պատասխանեց երիտասարդը այնպես, կարծես հենց այդ հարցին էր սպասում,- պատկերացրե՛ք, ամեն ինչ: Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել,- և կրկին ձեռքն առավ ժամացույցը, քանի դեռ մյուսներին այն ծանոթ չէր թվացել:
  • Բայց այն այլևս չի աշխատում,- ասաց կինը:
    -Չէ՛, չէ՛, դա ճիշտ չէ: Այն պարզապես կոտրված է: Ես դա հաստատ գիտեմ, բայց այն ամբողջովին առաջվա նման է՝ սպիտակ ու կապույտ,- և նա նորից հայացքով ցույց տվեց ժամացույցը:- Իսկ գիտեք՝ ի՞նչն է ամենահետաքրքիրը,-շարունակեց նա ոգևորությամբ,- ես այդ մասին ձեզ դեռ ոչինչ չեմ պատմել: Ամենահետաքրքիրը դեռևս առջևում է. պատկերացնո՞ւմ եք, երկուսն անց կեսի վրա է այն կանգ առել: Ուղիղ երկուսն անց կեսի վրա, պատկերացնո՞ւմ եք:
  • Հետևաբար ձեր տունը, անկասկած, երկուսն անց կեսին է փլվել,-ասաց տղամարդը և մի ինքնագոհ շարժումով ստորին շրթունքը առաջ քաշեց:-Ես շատ եմ լսել, որ երբ ռումբ է ընկնում, ժամացույցները կանգ են առնում: Դա ճնշման հետևանք է:
    Երիտասարդը հայացքը հառեց ժամացույցին և մտածկոտ շարժեց գլուխը.
    -Ո՛չ, սիրելի՛ պարոն, ո՛չ: Դուք սխալվում եք: Դա ռումբի հետ որևէ կապ չունի: Դուք չպետք է ամենը ռումբի հետ կապեք: Ո՜չ: Երկուսն անց կեսին մի բոլորովին այլ բան էլ է եղել, որի մասին դուք դեռ չգիտեք: Դա պարզապես հետաքրքիր զուգադիպություն է, որ այն ուղիղ երկուսն անց կեսին է կանգ առել, ոչ թե ասենք չորսին կամ յոթին մեկ քառորդ պակաս: Ես միշտ տուն էի վերադառնում երկուսն անց կեսին: Գիշերները: Համարյա միշտ երկուսն անց կեսին: Դա պարզապես զուգադիպություն է,-նա նայեց մյուսներին, բայց թվում էր՝ իր աչքերը այլևս իրեն չեն պատկանում,-ես, իհարկե, քաղցած էի լինում: Տուն հասնելուն պես անմիջապես խոհանոց էի մտնում: Դա սովորաբար տեղի էր ունենում երկուսն անց կեսին մոտ: Իսկ քիչ անց մայրս էր գալիս: Ես ինչքան էլ փորձում էի դուռը կամաց բացել, նա միշտ լսում էր: Եվ մինչդեռ ես մութ խոհանոցում ուտելու բան էի փնտրում, նա վառում էր լույսը: Նա սովորաբար իր բրդյա ժակետով և կարմիր շալով էր լինում: Եվ բոբիկ: Միշտ բոբիկ (այդ ժամանակ մեր խոհանոցը սալիկապատ էր): Նա աչքերը կկոցում էր, որովհետև լույսը նրա աչքերին ուժեղ էր թվում: Չէ՞ որ գիշերվա այդ ժամին նա պետք է արդեն քնած լիներ: «Կրկին այսքա՜ն ուշ»,-միշտ ասում էր նա: Այլևս ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Ապա նա ինձ համար տաք ընթրիք էր պատրաստում և նայում, թե ինչպես եմ ուտում: Այդ ժամանակ նա անդադար ոտքերը իրար էր շփում, քանի որ սալիկները շատ սառն էին: Գիշերվա ժամերին հողաթափեր չէր հագնում: Երկար մնում էր ինձ մոտ նստած, այնքան երկար, մինչև վերջացնում էի ուտելը: Ապա ես լսում էի՝ ինչպես է նա ափսեները իրար վրա դարսում, երբ իմ սենյակում արդեն լույսը անջատած էի լինում: Ամեն գիշեր հենց այդպես էր լինում: Եվ հիմնականում` երկուսն անց կեսին: Ես կարծում եմ՝ ամբողջովին հասկանալի է, որ նա գիշերը՝ երկուսն անց կեսին, խոհանոցում ինձ համար ուտելու բան էր պատրաստում: Ինձ համար դա սովորական էր: Նա միշտ այդպես էր անում: Եվ ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Նա ամեն անգամ այդպես էր ասում: Ես չեմ կարող դա այլևս չլսել: Այն ինձ համար այնքան սովորական է դարձել: Ամբողջը միշտ հենց այդպես էլ եղել է:
    Նստարանին նստածները լուռ հոգոց հանեցին: Ապա տղամարդը ցածրաձայն հարցրեց.
    -Իսկ հիմա՞:
    Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.
    -Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:
    Նստարանին նստածները լուռ էին: Ապա կինը հարցրեց.
    -Իսկ ձեր ընտանի՞քը:
    Նա ծիծաղեց շփոթված.
    -Ա՜խ, Դուք նկատի ունեք ծնողների՞ս: Հա՜: Նրանք էլ են կորած: Ամեն ինչ կորած է: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ինչ: Ամեեեն իիինչ կորաաած է:
    Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ծիծաղեց.
    -Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այն ճիշտ երկուսն անց կեսին է կանգ առել: Ճիշտ երկո՛ւսն ա՛նց կեսի՜ն:
    Այլևս նա ոչինչ չասաց: Բայց հիմա ավելի էր նմանվել ծերունու: Իսկ կողքին նստած տղամարդը հայացքը գցեց իր կոշիկներին, բայց չնկատեց դրանք. շարունակ դրախտ բառի մասին էր մտածում:
    Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
    ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:
    Նա ծեր էր թվում, բայց երբ մոտեցավ, նկատեցին, որ հազիվ քսան տարեկան կլիներ: Ծերունու դեմքով այդ երիտասարդը նստեց նրանց մոտ՝ նստարանին, ապա կողքիններին ցույց տվեց այն, ինչ իր ձեռքում էր:
    բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։
    -Իսկ հիմա՞:
    Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.
    -Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:
    Տղան սովորել էր , որ ամեն օր մայրը իրեն պետք է դիմավորեր և էլի ասեր «Կրկին այսքա՜ն ուշ»: Նա սովորել էր իր մոր ներկայությանը, և մոր բացակայությունը բնականաբար նրա վրա վատ ազդեցություն էր ունեցել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s