










Օգոստոսի 22-ին մենք` մուտքի ճամբարականներս, մեկնեցինք Արատեսի դպրատուն՝ եռօրյա ճամբարի մասնակցելու: Ճանապարհն անցանք շատ արագ ու աննկատ, քանի որ երեխաների հետ ճանապարհն անցնում էր անչափ ուրախ: Արատես գնալու ճանապարհին մենք կանգ առանք Հայաստանի գետերից մեկի՝ Արփա գետի մոտ, որը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի աղբյուրներից: Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Երկարությունը 128 կմ է (Հայաստանում 90 կմ), ջրահավաք մակերեսը՝ մոտ 2600 կմ²։ Արփա գետի մոտ կանգ առանք, հիացանք գեղեցիկ տեսարանով, մի փոքր ընդմիջում արեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը: Երբ տեղ հասանք, մեզ շատ բարեհամբույր կերպով ծանոթացրին տարածքի հետ և տրամադրեցին ամեն բան անցած այդ երկար ճանապարհի հոգնածությունը մեղմացնելու համար: Օրվա շարունակությունը շատ ուրախ և հետաքրքիր անցավ: Համտեսեցինք մեր շատ սիրելի ընկեր Հեղինեի և ընկեր Թերեզայի պատրաստած համեղ ուտեստներն ու թխվածքաբլիթներն ու արդեն պատրաստվեցինք երեկոյին: Աստղազարդ ու խաղաղ երեկոն խարույկի, երաժշտության և թեյի ուղեկցությամբ դարձավ էլ ավելի լավը ու գեղեցիկ: Հաջորդ օրերը ևս այդպես արագ ու լավ էին անցնում: Մենք տեսանք այնտեղի խոնարհված եկեղեցին, իջանք նաև գետը և երկար ժամանակ անցկացրինք այնտեղ: Ունեինք քայլարշավ դեպի ջրվեժ, ու թեև ջրվեժ տանող ճանապարհը երկար էր ու հոգնեցնող, միևնույն է, մենք որոշել էինք և պետք է կատարեինք մեր առջև դրվածը: Եվ վերջապես հասանք ջրվեժի մոտ, խմեցինք այնտեղի սառնորակ ջուրն ու վայելեցինք մաքուր օդը: Օգոստոսի 24-ին հրաժեշտ տվեցինք արդեն հարազատ դարձած Արատեսը ու ճանապարհ ընկանք: Կանգ առանք Սելիմի քարավանատանը և Սևանա լճի մոտ: Սևանա լճի ջրում թարմացանք, ընդմիջեցինք հետո նոր միայն շարունակեցինք ճանապարհը: Շատ տպավորված եմ ճամբարում անցկացրած օրերով և անչափ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցել այս ճամբարին և ձեռք բերել այնպիսի հետաքրքիր, խելացի ու լավ ընկերներ, ինչպիսիք որ ունեմ հիմա: